Ուկրաինան մտադիր է ընդլայնել իր հարվածների աշխարհագրությունը Ռուսաստանի խորքերում. Financial Times
Սարատովի և Ռյազանի մերձակայքում գտնվող ռուսական ռազմական օդանավակայաններին հարվածներ հասցնելուց հետո Ուկրաինան մտադիր է շարունակել հարձակումները Ռուսաստանի այլ օբյեկտների վրա։
Այս մասին գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով պաշտպանության հարցերով Կիևի վարչակարգի անանուն խորհրդականի հայտարարությունը։
Նրա խոսքով՝ Կիևն ունի զենքեր, որոնք գործնականում չունեն հեռավորության սահմանափակում, և այժմ այն օբյեկտները, որոնք գտնվում են նույնիսկ Սիբիրում, կարող են ենթարկվել ուկրաինական հարձակումների։ «Ուկրաինայի զինուժի տրամադրության տակ կան մոտ 2000 կիլոմետր հեռահարությամբ անօդաչու թռչող սարքեր, որոնք Կիևին հնարավորություն են տալիս հարվածներ հասցնել Ուրալից այն կողմ տեղակայված ռուսական թիրախներին»,- ասել է պաշտոնյան։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել էր անօդաչու թռչող սարքերի հարձակումները Էնգելսի և Դյագիլևոյի օդանավակայանների վրա, որոնց ժամանակ 3 ռուս զինծառայող է զոհվել, ևս 4-ը՝ վիրավորվել։ Դրանից հետո The Washington Post-ը, հղում անելով ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյային, հայտնեց, որ հենց Կիևն է կանգնած ռուսական ռազմական օդանավակայանների վրա հարձակումների հետևում։