Ռուսաստանի պետական դուման օրենք է ընդունել, որով արգելում է ՙՙգեյ-քարոզչությունը՚՚: Ընդ որում ՙՙԼԳԲՏ քարոզչությունը՚՚ հավասարեցվել է ՙՙմանկապղծության քարոզչությանը՚՚, թեեւ օրենքում այդպես էլ չի ձեւակերպվել, թե ինչ բան է ՙՙոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչություն՚՚: Մի խոսքով, Պուտինը վերջապես ՙՙգտավ՚՚ Ուկրաինայում իր բանակի պարտությունների գլխավոր պատճառը: 

Հետաքրքիր է, որ անգամ ռուսական ВЦИОМ-ի հարցումների համաձայն բնակչության 86 տոկոսը երբեք չի հանդիպել գեյ-քարոզչության: Բայց Ռուսաստանի ՙՙամենաբարձրաստիճան գեյը՚՚՝ Պետդումայի նախագահ Վոլորդինը (մեր Ռոբերտ Ահարոնյանի նմանօրինակը, եթե վերջինը դառնար ԱԺ նախագահ) օրենքը ընդունելուց հայտարարել է, որ այս օրենքը հանրության պահանջն է: Բայց նա նաեւ ասել է այս օրենքի ընդունման իրական պատճառի մասին. սա իրենց ՙՙպատասխանն է Արեւմուտքին՚՚:

Մի խոսքով, Կրեմլը սկսել է ակտիվորեն նոր ներքին թշնամի՝ 5-րդ շարասյուն ձեւավորել՝ լիբերալ-ժողովրդավարական ընդդիմությունից եւ քաղհասարակությունից հետո:

Ու եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանի, ինչպես որ ցանկացած այլ երկրի բնակչության մոտ 5 տոկոսը, այսինքն, տվյալ դեպքում շուրջ 7 միլիոնը գեյ է, լեսբի, բիսեքսուալ կամ տրանսգենդեռ, ու որ նրանց մեծ մասը կենտրոնացված է Մոսկվայում, ու, որ ամենակարեւորն է՝ պետական համակարգի բոլոր օղակներում, ապա ուրեմն կարող է այնպես ստացվել, որ եթե 1918թ.-ին ռուսական կայսրությունը քանդեցին հրեա, հայ, լատիշ, վրացի ու ռուս մենշեւիկներն ու բոլշեւիկները, 1991թ.-ին սովետառուսական կայսրությունը քանդեցին արցախյան շարժումից ոգեշնչված ազգային շարժումները եւ ժողովրդավարական ուժերը, ապա չի բացառվում, որ այսօրվա պուտինյան Ռուսաստանը կքանդի ամենաբազմաքանակ ներքին թշնամին՝ սեռական փոքրամասնությունը: ) 

Քանի որ ռուսաստանյան հեռուստաալիքներով գեներացվող հոմոֆոբ աղբը առատորեն լցվում է նաեւ Հայաստանի հեռուստադիտողների ուղեղների մեջ, հատուկ այս թեմային եմ նվիրել իմ ՙՙԷական՚՚ տեսաբլոգի հերթական հաղորդումը, որը կտեղադրեմ էջիս մեկ-երկու ժամից:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն