Դեկտեմբերի 7-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ դեսպան Սմաիլ Բենամարան (նստավայրը՝ Մոսկվա):

Նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Բենամարային նշանակման առթիվ և մաղթել նրան հաջողություն և արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ Հայաստանի և Ալժիրի միջև հարաբերությունների զարգացման և ընդլայնման։

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ դեսպանն իր պատրաստակամությունն է հայտնել ջանքեր գործադրել տարբեր ոլորտներում հայ-ալժիրյան փոխշահավետ համագործակցության ձևավորման և զարգացման ուղղությամբ։



Զրուցակիցներն ընդգծել են, որ այս տարվա դեկտեմբերի 30-ին լրանում է Հայաստանի և Ալժիրի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչը պատեհ առիթ է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները և հիմնական ուղղությունները քննարկելու համար։

Երկուստեք կարևորվել են երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, փոխադարձ բարձրաստիճան այցերի և հանդիպումների իրականացումը, ինչպես նաև գործարար շրջանակների միջև շփումների հաստատումը։

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք խնդիրներին: Այս համատեքստում Պարույր Հովհաննիսյանը դեսպան Բենամարային է ներկայացրել սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքները, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացների վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն