Ես քեզ եմ դիմում Հայաստանի Հանրապետության պարտված, գլխիկոր քաղաքացի` չհամարձակվես ընկճվել... Նարեկ Մալյան
Քեզ եմ դիմում մարդ, ով 2018-ին արդեն գիտեր, որ սրանց իշխանության են բերել մեր դարավոր թշնամիները պետականությունը քանդելու նպատակով, մարդ ով սա հասկացավ 2019-ին, 2020-ին: 2021 թվականից այլևս հասկանալու բան չկար:
Քեզ եմ դիմում մարդ, ում սեփական կարծիք ունենալու համար 5 երկար ու ձիգ տարիներ հալածել են, հետապնդել, աշխատանքից ազատել, բանտարկել: Քեզ եմ դիմում մարդ, ում ընտանիքի անդամները, հարազատները չեն դիմացել ռեպրեսիաներին և լքել են:
Քեզ եմ դիմում մարդ, ում ընտանիքը, ընկերները ամուր կանգնել են կողքին և սատարել են: Քեզ եմ դիմում մարդ, ով 5 տարի զրկված է իր սիրելի զբաղմունքից հաճույք ստանալու զգացումից: Քեզ եմ դիմում մարդ ում փորձել են խաբել տարբեր ժամկետանց շառլատաններ:
Քեզ եմ դիմում մարդ, ում կոչ էին անում զարթնել, երբ դու արդեն 5 տարի է ցավից աչք չես կարողանում կպցնել: Քեզ եմ դիմում մարդ, ում համոզելով փողոցից տարան ընտրության, հետո նորից կոչ արեցին դուրս գալ փողոց, իսկ իրենք այդ օրերին իրենց անձնական գործերով մեկնեցին ԱՄՆ: Քեզ եմ դիմում մարդ, ում վրա այսօր անամոթաբար մունաթ են գալիս նրանք, ովքեր 2018-ին դուխով գլխարկներով հրապարակում եփում էին այս բորշը:
Քեզ եմ դիմում մարդ, ով էս դժոխքից արդեն միակ ելքը տեսնում է Զվարթնոց օդանավակայանում: Քեզ եմ դիմում մարդ, ով այդպես էլ չհասկացավ թե որտեղ և ինչու կորցրեց իր որդուն: Քեզ եմ դիմում մարդ, ում համար սրանց հեռացումը օրակարգի առաջին կետում է: Քեզ եմ դիմում մարդ, ով հույս ունի մի օր վերականգնել մեր պետության նախկին վիճակի գոնե կեսը: Քեզ եմ դիմում մարդ, ով փորձում է պայքարել թշնամու գործակալական ցանցի դեմ: Քեզ եմ դիմում մարդ, ում փորձում են ներկայացնել որպես կուսակցական ռեսուրս: Քեզ եմ դիմում մարդ, ով այս մղձավանջում մոլորվել և կորել է:
Ես քեզ եմ դիմում Հայաստանի Հանրապետության պարտված, գլխիկոր քաղաքացի` չհամարձակվես ընկճվել...