Ֆինլանդիայի և Շվեդիայի խորհրդարանների խոսնակները կայցելեն Թուրքիա՝ քննարկելու ՆԱՏՕ-ին իրենց անդամակցության հարցերը
Ֆինլանդիայի և Շվեդիայի խորհրդարանների խոսնակները հունվարին կայցելեն Թուրքիա՝ քննարկելու ՆԱՏՕ-ին իրենց անդամակցության հետ կապված հարցերը։ Այս մասին հայտնել է Թուրքիայի խորհրդարանի ղեկավար Մուստաֆա Շենթոփը։
«Շվեդիան և Ֆինլանդիան Թուրքիային մի շարք խոստումներ են տվել։ Մենք հետևում ենք դրանց կատարման գործընթացին։ Հունվարին Թուրքիա կժամանեն երկու երկրների խորհրդարանների ղեկավարները։ Տեսնում եմ, որ նրանք դրական և վճռական են տրամադրված։ Շվեդիան և Ֆինլանդիան ցանկանում են անդամակցել ՆԱՏՕ-ին, որպեսզի ամրապնդեն իրենց ազգային անվտանգությունը։ Մենք պետք է դրան հավատանք, դրա համար նրանք պետք է կոնկրետ քայլեր անեն։ Թուրքիան այդ լույսի ներքո որոշում կկայացնի ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցի շուրջ»,- ասել է Շինթոփը։
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել էր, որ Անկարան կվավերացնի Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ արձանագրությունները միայն այդ երկրների ստանձնած պարտավորությունների կատարումից հետո, ինչը, ըստ պաշտոնյայի, մինչ օրս տեղի չի ունեցել։