Ռուսաստանի և Թուրքիայի փոխարտգործնախարարները քննարկել են ՄԱԿ-ի բարեփոխման վերաբերյալ հարցեր
Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը և Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը Ստամբուլում կայացած խորհրդակցությունների ընթացքում քննարկել են ՄԱԿ-ի բարեփոխման անհրաժեշտությունը, հացահատիկի գործարքի իրականացումը, իրավիճակն Ուկրաինայում և Սիրիայում:
«Հանդիպման ընթացքում քննարկվել է ՄԱԿ-ի բարեփոխման անհրաժեշտությունը, և հայտարարվել, որ, մասնավորապես, Անվտանգության խորհրդի որոշումների ընդունման կազմը և մեխանիզմը պետք է վերանայվեն՝ օգտագործելով ավելի ներառական, արդար և արդյունավետ մոտեցում»,- նշված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
Քննարկվել են նաև հացահատիկի վերաբերյալ Ստամբուլյան համաձայնագրի իրականացման հետ կապված հարցեր, և ընդգծվել է նախաձեռնության շարունակականության կարևորությունը: Նախաձեռնությունը թույլ է տվել մինչ այժմ Սև ծովով ավելի քան 13 միլիոն տոննա հացահատիկ ուղարկել համաշխարհային շուկաներ, ինչպես նաև հեշտացնել ռուսական հացահատիկի և պարարտանյութերի արտահանումը:
Ընդգծվել է Սիրիայի տարածքային ամբողջականության և քաղաքական միասնության պահպանման կարևորությունը և նշվել է երկրում ճգնաժամի քաղաքական լուծում գտնելու անհրաժեշտությունը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևի «ճանապարհային քարտեզի» հիման վրա: