Մեկ տասնյակից ավելի ավիացիոն ուղղություններ, ավելի քան 400 հազար ուղևորները, նոր ինքնաթիռներ ու առաջարկներ․ Fly One Armenia ազգային բյուջետային ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանն ասում է՝ առաջիկայում նախատեսում են օդանավային պարկի տեսանելի ավելացում, ինչը կօգնի ընդլայնել ուղղությունների աշխարհագրությունը։

«Իրականացնում ենք չվերթեր դեպի Ռուսաստանի Դաշնության 5 քաղաքներ, Ֆրանսիայի 2 ուղղություն, Մոլդովա, Թուրքիա, Վրաստան․ մոտ օրերս մեկնարկում են մեր չվերթերը Մերձավոր Արևելքի երկրներ՝ դեպի Բեյրութ, դեպի Թել Ավիվ։ Մենք շուտով ընդլայնում ենք նաև եվրոպական թռիչքային ուղղությունը՝ ներառելով նաև Միլանը»,- ասում է Արամ Անանյանը։



Մերձավոր Արևելքի ուղղությունը հայկական շուկայի համար ամենակարևոր ուղղություններից է՝ վստահ են ավիաընկերությունում։ Անանյանը հիշեցնում է՝ դեկտեմբերի 16-ին տրվում է դեպի Դուբայ, իսկ19-ին դեպի Թել Ավիվ չվերթերի մեկնարկը։



«Դեկտեմբերի14-ից վերսկսվում են նաև Երևան–Բեյրութ–Երևան չվերթերը, որոնց բացումը արեցինք ամռանը, սակայն դրանից հետո խնդիրներ եղան Թուրքիայի օդային տարածքով մեր չվերթերն իրականացնելու հետ կապված։ Հիմա բոլոր խնդիրներն արդեն հաղթահարված են, և հնարավոր է անխոչընդոտ իրականացնել չվերթեր դեպի Լիբանանի մայրաքաղաք»։

Ավիաընկրությունը մինչև 2023թ․–ի ամառ նպատակ ունի ոչ միայն ուղղությունների թիվն ավելացնել, այլ նաև մեկ տարվա կտրվածքով ավիաընկերության ուղևորների թիվը հասցնել 1 միլիոնի։ Թռիչքների աշխարհագրությունն ընդլայնելուն զուգահեռ ավիաընկերությունը՝ ի դեմս Travel Van ընկերության շուտով կառաջարկի նաև տուրփաթեթներ։ Արամ Անանյանն ասում է՝ սա հնարավորություն կտա «մեկ պատուհանի» սկզբունքով կազմակերպել զբոսաշրջային հանգիստը։

«Մենք հիմա տեսնում ենք, որ ձմեռային սեզոնը նույնպես բավական հագեցած է՝ սկսած ավելի բարենպաստ կլիմա ունեցող երկրներ այցելությունից մինչև ուխտագնացություններ, shoping tour-եր և այլն։ Այսօր ոլորտն այնքան բազմաշերտ է, որ հնարավոր չէ սահմանափակվել միայն ամառային ուղղություններով»,– ասում է ընկերության խորհրդի նախագահը։



2023-ի գարնանն ու ամռանն ավիաընկերությունը նոր տուրօպերատորի հետ կառաջարկի նաև եվրոպական նոր ուղղություններ՝ մասնավորապես դեպի Հունաստան, Իտալիա, Իսպանիա, Ալբանիա։ «TRAVEL VAN» ընկերության համահիմնադիր, գլխավոր տնօրեն Վահան Հակոբյանն ասում է՝ առաջարկելու են նաև սպառողներին առայժմ անհայտ կամ ոչ այնքան ճանաչված ուղղություններ։

«Արդեն մեկնարկը տրված է Թել Ավիվ ուղղության, գրեթե ամեն շաբաթ մենք ուխտագնացություններ ենք ունենալու դեպի Երուսաղեմ։ Ամեն շաբաթ ունենալու ենք նաև անհատական և խմբային տուրեր դեպի Դուբայ, իսկ արդեն մարտից կսկսենք տուրեր դեպի եգիպտական մյուս ուղղություն՝ Հուրգադա»,– մանրամասնում է Վահան Հակոբյանը։

Օրեր առաջ ավիաընկերությունը շահագործման հանձնեց նոր A320 օդանավը, որը սպասարկելու է եվրոպական և մերձավոր արևելյան թռիչքային ուղղությունները: Հայկական ընկերության օդային նավահանգստում արդեն 5 ինքնաթիռ սպասում է հերթական կամ նոր թռիչքին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն