Պերուում զանգվածային ցույցեր են: Ավելի քան 20 հազար մարդ դուրս է եկել փողոց՝ բողոքելու նախկին նախագահ Պեդրո Կաստիլիոյի պաշտոնանկության և Դինա Բոլուարտեին այդ պաշտոնում նշանակելու դեմ:

Երկրի ներքին գործերի նախարարը տեղեկացրել է, որ ցուցարարների հետ բախումների ժամանակ վիրավորվել է 40-ից ավելի ոստիկան, կան զոհեր և վիրավորներ ցուցարարների շրջանում:

Կաստիլյոյի կողմնակիցները նաև գրավել են Պերուի օդանավակայանը, պահանջել ցրել խորհրդարանը: Նորանշանակ նախագահը արտակարգ դրություն է հայտարարել և առաջարկել 2024 թվականին արտահերթ ընտրություններ անցկացնել։

Պերուում բողոքի ցույցերը սկսվել են անցած շաբաթ, երբ Պեդրո Կաստիլյոն հեռացվեց երկրի ղեկավարի պաշտոնից և ձերբակալվեց։ Ավելի վաղ Պերուի նախկին նախագահը փորձել էր իր իմփիչմենթի հարցով քվեարկության ընդառաջ ցրել խորհրդարանը և Պերուում պարետային ժամ սահմանել։

Երկրի գլխավոր դատախազությունը որոշումը «սահմանադրական կարգի խախտում» է որակել։ Նրան սպառնում է 10-ից 20 տարվա ազատազրկում: Նախկին նախագահին մեղադրում են նաև իշխանությունը չարաշահելու և պաշտոնավարման ընթացքում կոռուպցիոն հանցագործություններ կատարելու համար:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն