Վաչե Տերտերյանն ընդունել է ՀՀ-ում Իսպանիայի պատվավոր հյուպատոս Արմինե Ադամյանի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ընդունել է ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության պատվավոր հյուպատոս Արմինե Ադամյանի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էին Spirits Selection by Councours Mondial de Bruxelles ընկերության ղեկավար Թիերի Հեինսին և ներկայացուցիչ Ջուլիա Կոստանդինովան։
Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրել են ընկերության գործունեության հիմնական ուղղությունները, միջազգային փորձը՝ նշելով․ «Մեր ընկերությունը գրեթե 50 տարի զբաղվում է ալկոհոլային խմիչքների միջազգային հանրությանը ներկայացմամբ՝ կազմակերպելով ալկոհոլային խմիչքների մրցութային և համտեսի միջոցառումներ»։
Ընկերությունը իր գործունեությունը սկսել է գինիների ներկայացմամբ, այնուհետև՝ ներառել այլ սպիրտային խմիչքներ՝ կոնյակ, մրգային օղիներ և այլն։ Մրցույթների ընթացքում միջազգային գործընկերներին, որոնք դառնում են ժյուրիի անդամներ, ներկայացվում են գինու մոտ 10000 տեսակ և մրգային օղու մոտ 2000 տեսակ։ Մրցույթների անցկացման հիմնական նպատակը միջազգային արտադրողներին բարձր որակի սպիրտային խմիչները ներկայացնելուց զատ նոր գործընկերային հարաբերությունների հաստատումն է, ինչպես նաև մասնակից երկրի մշակույթի, ավանդույթների, տեսարժան վայրերի և համային առանձնահատկությունների ներկայացումը։
Նախարարի տեղակալը ողջունել է այս նախաձեռնությունը, շնորհակալություն հայտնել Արմինե Ադամյանին գործադրած ջանքերի համար և շեշտել նման միջոցառումների անցկացման կարևորությունը հատկապես գյուղատնտեսության ոլորտում առաջընթացի, ինչպես նաև գյուղատնտեսների արտադրանքի՝ շուկայում ներկայանալի դառնալու համար։
Միջոցառումը նաև խթան կհանդիսանա մեծաթիվ զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան ապահովելու համար, քանի որ մրցույթի անցկացման առաջնային փուլը տեսահոլովակների միջոցով երկիրը և արտադրանքը միջազգային հանրությանը ներկայացնել է։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել պատկան մարմինների հետ համագործակցությամբ ջանքեր գործադրել միջոցառման անցկացման համար։