Ավտոբուսի խոշոր վթար Խաբարովսկի երկրամասում
Ուրբաթ Խաբարովսկ - Ամուրի Կոմսոմոլսկ ավտոճանապարհին վթարի է ենթարկվել հերթափոխով աշխատողների տեղափոխող ավտոբուսը, ինչի հետևանքով զոհվել է 8 մարդ, վիրավորվել՝ 22-ը։
Ըստ մարզի դատախազության՝ վարորդը կորցրել է կառավարումը շրջադարձի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ավտոբուսում եղել են «Ամուր միներալս» ՍՊԸ-ի աշխատակիցները, որը շահագործում է Մալմիժսկոյե պղնձի հանքավայրը։
Վիրավորներից շատերն ունեն բարդ վնասվածքներ՝ վերջույթների կոտրվածքներ, ուղեղի ցնցում, սալջարդ։ Կան տուժածներ՝ մեծ քանակությամբ արյան կորստով, 3 հոգու վիճակը ծանր է, ևս 3-ինը՝ միջին ծանրության։
Խաբարովսկի երկրամասի իշխանությունները հայտարարել են, որ 1-ական մլն ռուբլի կվճարեն ավտոբուսի վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին, տուժածները կստանան 500-հազարական ռուբլի:
Զոհվածների և վիրավորների ընտանիքներին օգնություն տրամադրելու պատրաստակամություն է հայտնել նաև «Ամուր միներալս»-ը։