Թվիթերն արգելափակել է ամերիկյան առաջատար լրատվամիջոցների մի շարք աշխատակիցների օգտահաշիվները
Թվիթերն արգելափակել է ամերիկյան առաջատար լրատվամիջոցների, այդ թվում՝ The New York Times-ի, Washington Post-ի, CNN-ի և Voice of America-ի մի շարք լրագրողների օգտահաշիվները: Արգելափակումը կտևի յոթ օր և պայմանավորված է նրանով, որ լրագրողները տվյալներ են հրապարակել Իլոն Մասկի գտնվելու վայրի մասին:
«Դոքսինգի կանոնները կիրառվում են բոլորի, այդ թվում՝ լրագրողների նկատմամբ: Ամբողջ օրն ինձ քննադատելը միանգամայն նորմալ է, բայց իրական ժամանակում իմ գտնվելու վայրը ֆիքսելը և ընտանիքիս վտանգի ենթարկելը` ոչ»,- գրել է Մասկը Թվիթերում:
Դոքսինգը ցանցում այլ օգտատերերի անձնական տվյալների (հասցեներ, հեռախոսահամարներ, գտնվելու վայր) հավաքումն ու հրապարակումն է, սովորաբար չարամիտ դիտավորությամբ:
Մասկն այս տարի 44 միլիարդ դոլարով գնել է Թվիթերը։ Ընկերությունը գնելուց ի վեր ձեռնարկատերը բազմիցս հայտարարել է հարթակում խոսքի ազատությունը պաշտպանելու իր մտադրության մասին: