Ռուբեն Վարդանյանը թերացող պաշտոնյաների անուններ է հայտնում
Մենք առաջին օրը հնարավորություն տվեցինք այն մարդկանց, որոնք սխալվել էին, նկատողություն էինք միայն տվել։ Մենք ամեն օր հրապարակելու ենք այն մարդկանց անունները, որոնք իրենց պարտականությունները ճիշտ չեն անում, կամ փորձում են այս իրավիճակն օգտագործել իրենց օգտին, կամ էլ այնպիսի բաներ են անում, որոնք անընդունելի են։ Ամոթ է։ Խոսեմ Կարմեն Ասլանյանի մասին, զգուշացնում եմ՝ այսպես չի կարող շարունակվել, Կարմեն Ասլանյանը չի հասկանում, որ ինքը պետք է կատարի իր գործն այնպես՝ ինչպես մենք ընդունել ենք օրենքները, ուրիշ ձեւ չի լինելու։ Եթե նա չհասկանա, դա ուրիշ բանի է բերելու։ Ուզում եմ խոսել անտարբերության մասին։ Երկու օր է՝ Ծովատեղ համայնքում հաց չկա, վարչական ղեկավարի՝ Աբրահամյան Սամվելի, անտարբերության հետեւանքով համայնքում հարցը չէր լուծվում։ Ինքն այդ մասին ոչ մեկին չէր ասել, մենք այլ տեղից ենք իմացել։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Նրա խոսքով՝ Արցախի այն քաղաքացիները, որոնք Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման հետեւանքով մնացել են Հայաստանում ու չեն կարողանում աշխատանքի ներկայանալ՝ կձեւակերպվեն որպես արձակուրդ․ «Իրենց մեղքով չէ, որ չեն գալիս աշխատանքի, մարդկանց բացակայություններ չպետք է դնել»,- ասաց պետնախարարը։
Ռուբեն Վարդանյանի խոսքով, Արցախում ընդհանուր առմամբ խուճապ չկա, համախմբված են։