Չարլզ III-ի դիմանկարը հայտնվել է ֆունտ ստեռլինգի թղթադրամների վրա
Անգլիայի բանկը հանրությանը ներկայացրել է Չարլզ III թագավորի դիմանկարով նոր թղթադրամներ։
Նոր միապետի դիմանկարը 5, 10, 20 և 50 ֆունտ արժողությամբ թղթադրամների դիզայնի միակ փոփոխությունն է։ Թղթադրամների ձախ կողմում պատկերված է Չարլզ դեմքը՝ հանգուցյալ մոր՝ Եղիսաբեթ II-ի դեմքի փոխարեն։
Անգլիայի բանկը հայտարարել է, որ թագավորական արքունիքի խորհրդով և բնապահպանական և ֆինանսական անցանկալի ծախսերից խուսափելու համար նոր թղթադրամները աստիճանաբար կփոխարինեն հին թղթադրամներին, քանի որ դրանք մաշվում են կամ պահանջարկը մեծանում է:
Բրիտանական թղթադրամների հակառակ կողմում պատկերված են Ուինսթոն Չերչիլը, գրող Ջեյն Օսթինը, նկարիչ Ջոզեֆ Թերները և մաթեմատիկոս Ալան Թյուրինգը։
Բրիտանացիներն արդեն շրջանառության մեջ են դրել Չարլզ III-ի կիսադեմով առաջին մետաղադրամները. դեկտեմբերի սկզբին երկրի փոստային բաժանմունքներ էին առաքվել յոթանիստ մետաղադրամներ՝ հիսուն պենս անվանական արժեքով։
Վերջին տարիներին բրիտանացիների առօրյայից բավականին արագ անհետացել են կանխիկ դրամանիշերն ու մետաղադրամները, ինչին նպաստել են բանկային քարտերի տարածումը և համաճարակը։ Ներկայումս երկրում գնումների մոտ 14%-ը վճարվում է կանխիկ, իսկ մինչև 2025 թվականը, ըստ տնտեսագետների, կանխիկ գնումները կնվազեն մինչև 10%։