ՄԻՊ ու լրագրողներն աշխատում են արկերի ու հրանոթների ներքո, որ գտնեն ճշմարտությունը. Քրիստինե Գրիգորյան
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը դեկտեմբերի 20-ին մասնակցել է «Թվապատում Aftershock» 2022 կոնֆերանսին: Պաշտպանը շնորհակալություն է հայտնել կոնֆերանսի մասնակիցներին և կազմակերպիչներին.
«Կարծում եմ, որ հակամարտությունների լուսաբանման խնդիրների վտանգների, բայց նաև հնարավորությունների մասին Հայաստանում նման մասնագիտական խոսակցություն ունենալն առավել քան ռելեվանտ է»,- ասել է նա։
Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանն իր օրինակից ու իր հետ տեղի ունեցած փորձից գիտի, թե որն է իրողությունների օբյեկտիվ լուսաբանման դեֆիցիտի հետևանքը, բացի այդ նաև լավ գիտի, որ հակամարտությունների մեդիաապահովման, ագրեսիվ պատերազմի մեդիաուղեկցումը բնավ չի սկսվում ու չի ավարտվում ռազմական գործողությունների ամսաթվերով։
Պաշտպանի խոսքով՝ հակամարտություններում առաջին հերթին անհետ կորում է ճշմարտությունը, և լրագրողներն ու իրավապաշտպաններն այն դերակատարներն են, ովքեր նախ պետք է բացահայտեն, ապա նաև աշխարհին պատմեն այդ ճշմարտությունը։
«Մարդու իրավունքների պաշտպանի ու անկախ լրագրողների առաքելությունները շատ նման են։ Մենք աշխատում ենք արկերի ու հրանոթների ներքո, որ գտնենք ճշմարտությունը, հետո հաղթահարում ենք շատ դժվարություններ, որ կարողանանք պատմել այդ ճշմարտությունների մասին»,-ասել է Պաշտպանը։
Գրիգորյանը հատուկ ընդգծել է 2022 թվականին սեպտեմբերին ՀՀ երեք մարզերի վրա ադրբեջանական հարձակման մասին։ Նա ասել է, որ Պաշտպանի հաստատության թիմերը հարձակման թիրախ հանդիսացող ուղղություններում աշխատել են սեպտեմբերի 13-ից՝ ինտենսիվ հրետակոծության պայմաններում, ինչը հնարավորություն է տվել տեսնել, լսել ու ապացույցներ արձանագրել լայնամասշտաբ հարձակման ինտենսիվության, քաղաքացիական բնակչության ու քաղաքացիական կենսական ենթակառուցվածքների կանխամտածված թիրախավորման մասին, մյուս կողմից` նաև տեսնել տեղական ու կենտրոնական իշխանության մարմինների կողմից ճգնաժամի արձագանքի բացթողումները։
Գրիգորյանի խոսքով՝ հաճախ հակամարտությունների գոտիներն ուղղակի «սառեցվում» են անկախ լրագրողների կամ իրավապաշտպանների համար։ Այս համատեքստում նա խոսել է Արցախի արդեն 9 օր տևող շրջափակման մասին՝ նշելով, որ այն կազմակերված է ու ղեկավարվում է ադրբեջանական կառավարության կողմից։ Կեղծ բնապահպանների ակցիան ուղիղ ժամանակով լուսաբանվում է ադրբեջանական կառավարական մեդիաների կողմից, իսկ հայաստանյան ու միջազգային մեդիաների հասանելիությունը սահմանափակված է.
«Ինչո՞ւ թույլ չի տրվում, որ որևէ անկախ լրագրող հասանելիություն ունենա տարածքին»,- հարց է բարձրացրել նա։
Պաշտպանը նշել է, որ այս իմաստով ևս Պաշտպանի հաստատության, իրավապաշտպանների ու անկախ լրագրողների աշխատանքը շատ նման է իրար։ Գրիգորյանի խոսքով՝ հակամարտությունները նաև հնարավորություն են, որ անկախ լրագրողներն ու իրավապաշտպանները միմյանց ճանաչեն և օգնեն.
«Ես անձամբ շատ շնորհակալ եմ այն լրագրողներին ու օպերատորներին, ովքեր, վտանգելով իրենց կյանքը, նույն սեպտեմբերյան օրերին մեզ հետ կիսվել են իրենց ձեռք բերած տեսանյութերով ու ֆոտոնյութերով։ Մենք էլ մեր հերթին արել ենք ամեն բան, որ ապահովենք հասանելիությունն այն լրագրողների, օպերատորների համար, ովքեր այդ օրերին շատ կարևոր իրավապաշտպան գործունեություն էին իրականացնում։ Մեզ համար շատ կարևոր է, որ անկախ դերակատարները հասանելիություն ունենան տարածքներին՝ ճշմարտությունը գտնելու և հետո նաև աշխարհին պատմելու համար»,- իր խոսքում նշել է Քրիստիննե Գրիգորյանը։