Ադրբեջանը Լաչինի միջանցքի հարցում բացեիբաց մեղադրում է Ռուսաստանին, ինչը չի համապատասխանում իրականությանը․ Ռուբեն Ռուբինյան
ՄԱԿ-ի ԱԽ երեկվա նիստում բոլոր երկրների ներկայացուցիչները ֆիքսեցին, որ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը պետք է դադարի, շատ դրական եմ գնահատում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ՄԱԿ-ի ԱԽ-ում Լաչինի միջանցքի արգելափակման հարցով հրավիրված նիստին։
«Երկրները կոչ արեցին Ադրբեջանին հավատարիմ մնալ նոյեմբերի 9-ի հայտարարության այն դրույթին, որով Լաչինի միջանցքը պետք է ապահովի անխափան կապ ՀՀ-ի և Արցախի միջև։ ԱԽ-ի նիստի սկզբում ասվեց, որ քննարկվում է մամուլի հաղորդագրության նախագիծ, իմ տեղեկություններով այն հիմա քննարկման փուլում է։ Ադրբեջանը Ռուսաստանին նկատի ունի, երբ ասում է, թե երրորդ երկրներն են փակել ճանապարհը, ինչը կեղծ պրոպագանդիստական թեզ է, որը օգտագործում են տարբեր հարթակներում։ Կոնկրետ այս դեպքում ՄԱԿ-ի ԱԽ-ում էր դա ասվում, դրա համար երևի ուղիղ չասացին, որ ՌԴ-ին մեղադրում, բայց այլ հարթակներում բացեիբաց ասում են, դա բնականաբար իրականությանը չի համապատասխանում»,- ասաց Ռուբինյանը
Նա ընդգծեց, որ անհրաժեշտ է հնարավորինս ուժեղացնել միջազգային ճնշումը Ադրբեջանի վրա։
«Երեկվա նիստից կարծում եմ ակնհայտ դարձավ, որ իրապես մեծացել է միջազգային ճնշումը, որովհետև ԼՂ հիմնահարցը ինքնին միջազգայնանում է կրկին և դա հենց Ադրբեջանի ապօրինի քայլերի արդյունքն է։ Երեկ բոլոր երկրների ներկայացուցիչները օգտագործում էին ԼՂ անվանումը ի հեճուկս Ադրբեջանի, բոլորը ֆիքսում էին նոյեբերի 9-ի հայտարարության կարևորությունը»,- նշեց Ռուբինյանը։