Վաշինգտոնը թույլ չի տա, որ Թեհրանը միջուկային զենք ստանա. Փրայս
ԶԵԼԵՆՍԿԻՆ ԱՄՆ-ՈՒՄ ԿՀԱՆԴԻՊԻ ԲԱՅԴԵՆԻ ՀԵՏ
Վոլոդիմիր Զելենսկին տեղեկացրել է, որ մեկնում է ԱՄՆ, որտեղ հանդիպելու է Ջո Բայդենի, մի շարք այլ պաշտոնատար անձանց հետ և ելույթ ունենալու Կոնգրեսում։ Ուկրաինայի նախագահը հավելել է, որ մտադիր է Սպիտակ տան ղեկավարի հետ քննարկել Կիև-Վաշինգտոն գործակցության հեռանկարները։
Ամերիկյան կողմն էլ հայտնել է, որ Ջո Բայդենը ուկրաինացի գործընկերոջ հետ հանդիպման շրջանակում կհայտարարի Կիևին 2 միլիարդ դոլարի ռազմական աջակցության նոր փաթեթի մասին, որը կներառի Patriot հակահրթիռային համակարգեր։
Սա Զելենսկիի երկրորդ այցն է ԱՄՆ Ուկրաինայի նախագահի պաշտոնում և առաջինը՝ պատերազմի մեկնարկից ի վեր։
ԱՄՆ-Ը ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ, ՈՐ ԻՐԱՆԸ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔ ՍՏԱՆԱ. ՓՐԱՅՍ
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ Վաշինգտոնի կարծիքով՝ Ռուսաստանի և Իրանի ռազմատեխնիկական գործակցությունը վերաճում է լիարժեք պաշտպանական գործընկերության։ Նա նաև նշել է, որ Իրանի իշխանությունները ոչնչացրել են միջուկային ծրագրին արագ վերադառնալու հնարավորությունը: Փրայսը զգուշացրել է՝ Վաշինգտոնը թույլ չի տա, որ Թեհրանը միջուկային զենք ստանա, և կհասնի այդ նպատակին դիվանագիտական ճանապարհով:
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակն անդրադարձել է միջազգային այլ զարգացումների: Փրայսը մտահոգություն է հայտնել Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի հետ կապված: Նա կոչ է արել պաշտոնական Թբիլիսիին կալանքի տակ գտնվող նախկին նախագահին բժշկական և հոգեբանական օգնություն ցուցաբերել։
Նեդ Փրայսը խոսել է Աֆղանստանում կանանց համար համալսարանները փակելու՝ թալիբների որոշման մասին:
«ԱՄՆ վարչակազմը մտադիր է դաշնակիցների հետ համատեղ քայլեր ձեռնարկել թալիբների շարժման դեմ: Այդ որոշումը հակասում է նրանց ստանձնած պարտավորություններին: Թալիբները պետք է ակնկալեն, որ պատասխանատվության են ենթարկվելու»,- զգուշացրել է պետքարտուղարության խոսնակը:
ՌԴ-Ն, ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵՎ ԻՐԱՆԸ ՊԵՏՔ Է ԱԿՏԻՎԱՑՆԵՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը պետք է ակտիվացնեն աշխատանքները էներգետիկ համակարգերի միավորման ուղղությամբ՝ հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինովը՝ Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանի հետ հանդիպման ժամանակ։
«Ռուսական ընկերությունները շահագրգռված են իրանցի գործընկերների հետ գործակցությամբ գազատուրբինային տեխնոլոգիաների փոխանցման և դրանց համատեղ արտադրության ոլորտում»,- հավելել է Շուլգինովը:
Իրանական կողմն էլ հետաքրքրություն է հայտնել՝ գործակցելու ջերմաէլեկտրակայանների կառուցման, վերականգնվող էներգիայի արտադրության, ինչպես նաև ռուսական էներգետիկ սարքավորումների օգտագործմամբ Իրանում համատեղ նախագծերի շուրջ։
ԶԱՔԻՐ ՀԱՍԱՆՈՎԸ ՄԵԿՆԵԼ Է ԹՈՒՐՔԻԱ
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնել է Թուրքիա՝ մասնակցելու Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպմանը։ Ադրբեջանական կողմի տվյալով՝ երկօրյա բանակցությունների ընթացքում պատվիրակությունները քննարկելու են տարածաշրջանային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Նախորդ եռակողմ հանդիպումը տեղի է ունեցել Վրաստանում 2021 թվականի հոկտեմբերին։
ՍԵՐԲԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ Է
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը աշխատանքային այցով Ադրբեջանում է: Նախատեսված է նրա հանդիպումը Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարի, այնուհետև Իլհամ Ալիևի հետ։ Վուչիչը տեղեկացրել է, որ Ադրբեջանի նախագահի հետ կքննարկի գազի, էլեկտրաէներգիայի և զենքի մատակարարման հետ կապված հարցեր։
Սերբական Pink հեռուստաալիքին տված հարցազրույցում Ալեքսանդր Վուչիչը նաև դատապարտել է Կոսովո «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր մատակարարելու Թուրքիայի մտադրությունը։
«Մենք հարգում ենք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, բայց նման քայլը, անկասկած, կազդի Սերբիա-Թուրքիա հարաբերությունների վրա: Սա նշանակում է, որ Սերբիան պետք է համապատասխան հակաօդային պաշտպանության համակարգեր ունենա»,- ասել է Վուչիչը։