Հայաստանի առողջապահական համակարգը և բժիշկների մասնագիտական թիմերը կապի մեջ են Արցախի գործընկերների հետ և միացյալ ուժերով հսկողություն են իրականացնում ծանր հիվանդների նկատմամբ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Արցախում բժշկական օգնության կարիք ունեցող պացիենտներին, ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Անահիտ Ավանեսյանը նշեց, որ օրեր առաջ Արցախից Երևան տեղափոխված ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտի կյանքին վտանգ չի սպառնում, նա ստանում է անհրաժեշտ բժշկական օգնություն: 

Նախարարի խոսքով՝ կան պացիենտներ, որոնք ծանր առողջական խնդիրներ ունեն, և այդ առողջական խնդիրները հնարավոր չէ լուծել Արցախի ԲԿ-ներում, անհրաժեշտ է նեղ մասնագիտական խորհրդատվության:

Ավանեսյանն ընդգծեց՝ խնդիրը հրատապ լուծում է պահանջում. «Ե՛վ նախարարությունը, և՛ մասնագիտական թիմերն անմիջական կապի մեջ են մասնագետների հետ և պացիենտների հսկողությունն իրականացնում են միացյալ ուժերով: Այս պահին հետևում ենք իրավիճակին և մեր բոլոր խողովակներով փորձում ենք ճնշում բանեցնել և, ի վերջո, մեր պահանջը տեղ հասցնել, որ այս պացիենտների կյանքին վտանգ է սպառնում և անհրաժեշտ է րոպե առաջ ապաշրջափակել այդ կյանքի ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, և մարդկանց նորմալ, բնականոն կյանքի հնարավորություն ընձեռել»:

ՀՀ առողջապահության նախարարը նշեց՝ շրջափակման ամեն օրը ստեղծում է թե՛ պարենային ապրանքների, թե՛ դեղորայքի, թե՛ բժշկական նշանակության ապրանքների խիստ անհրաժեշտություն և պակաս:

«Օր առաջ անհրաժեշտ է վերականգնել բնականոն կապը Հայաստանի և Արցախի միջև, որպեսզի մենք այս հումանիտար ճգնաժամից դուրս գանք»,- հավելեց Ավանեսյանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն