Արևմուտքն ավելացնում է Ուկրաինային ցուցաբերվող ռազմական օգնությունը, ընդ որում՝ Կիևին սպառազինություն մատակարարելու գործում ամենամեծ ներդրումն ունեցել են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Լեհաստանը և Ռումինիան: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Վալերի Գերասիմովը:

Նա նշել է, որ Ուկրաինային արտասահմանյան ֆինանսական օգնությունը կազմել է գրեթե 100 մլրդ դոլար։ ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի խոսքով՝ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր՝ Արևմուտքը Կիևին մատակարարել է 4 ինքնաթիռ, ավելի քան 30 ուղղաթիռ, ավելի քան 350 տանկ, մոտ 1000 մարտական զրամեքենա, առնվազն 800 զրահամեքենա և այլ զինտեխնիկա:

Անդրադառնալով ՀԱՊԿ-ին՝ Գերասիմովը նշել է, որ Ղազախստանում կազմակերպության խաղաղապահ գործողությունը ցույց տվեց անդամ պետությունների պատրաստակամությունը՝ համատեղ պաշտպանելու իրենց շահերը։

ՌԴ ԶՈՒ ԳՇ պետի խոսքով՝ Մոսկվան առաջնային նշանակություն է տալիս ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի զարգացմանը, ինչպես նաև ԱՊՀ անդամ պետությունների հետ գործընկերային և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը, ՇՀԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջև փոխգործակցությանը:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն