Ջեյք Սալիվանը կոչ է արել լիարժեք վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը դեկտեմբեր 22-ին առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության պետ Հիքմեթ Հաջիևի հետ։ Հայաստանում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ հեռախոսազրույցների ընթացքում նրանք ամփոփել են Վաշինգտոնում սեպտեմբերի 27-ին կայացած իրենց համատեղ հանդիպումից հետո ԵՄ-ի և ԱՄՆ-ի աջակցությամբ ընթացող խաղաղության բանակցություններում տեղ գտած առաջընթացը։
«Բոլորը հաստատեցին իրենց հանձնառությունը բանակցային գործընթացին, որի նպատակը խաղաղության համաձայնագրի ամբողջականացումն է։ Պ-ն Սալիվանը երկու կողմին էլ հորդորեց դիտարկել քայլեր, որոնք կմեղմեն լարվածությունը և հիմքեր կնախապատրաստեն ապագա բարիդրացիական հարաբերությունների համար։ Պ-ն Սալիվանը փաստեց, որ այս պահին շարունակում ենք մտահոգված մնալ Լաչինի միջանցքի տեղաշարժի արգելքներով և այդ իրավիճակից բխող հետզհետե ծանրացող հումանիտար հետևանքներով և կոչ արեց լիարժեք վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով»,- ասված է հաղորդագրությունում: