Հայ և իրանցի գործարարներն անգամ լիարժեք չգիտեն միմյանց ներուժի ու կարողությունների մասին․ Արսեն Ղազարյան
«Գլոբալ իննովեյշն սենթր» ընկերությունը վեցերորդ ամիսն է, ինչ մշտական գործունեություն է սկսել Հայաստանում և հանդիսանում է Իրանի ազգային նորարարական ու գիտատեխնիկական հիմնադրամների ներկայացուցիչը։ Վերջիններս գործում են ԻՀՀ նախագահի հովանու ներքո և տարեկան մեկ միլիարդ դոլար բյուջեով ու աշխարհի 6 երկրում ունեցած ներկայացուցչություններով աջակցություն է ցուցաբերել շուրջ 10000 նորարարական նախաձեռնությունների։ Ընկերության և հիմնադրամների ներկայացուցիչները դեկտեմբերի 22-ին հյուրընկալվեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում։
Ողջունելով հյուրերին՝ ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը կարևորել է ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված է երկկողմ և տարածաշրջանային տնտեսական համագործակցության ընդլայնմանը։ Նրա գնահատմամբ՝ թեև Հայաստանն ու Իրանը հարևան երկրներ են ու բարեկամական հարաբերություններ են կառուցում, այդուհանդերձ, տնտեսական գործակցության մակարդակը հեռու է գոհացնող լինելուց։ Արսեն Ղազարյանի խոսքով՝ հայ և իրանցի գործարարներն անգամ լիարժեք չգիտեն միմյանց ներուժի ու կարողությունների մասին, ինչին միտված պետք է լինի համանման կառույցների ու գործարարար համայնքը համախմբող միությունների գործունեությունը, փոխգործակցությունը։
Ներկայացնելով «Գլոբալ իննովեյշն սենթր»-ի գործունեության ուղղությունները, հիմնադրամի ներկայացուցիչ Սահման Մորադին նշել է, որ Կենտրոնի առաքելությունն է ստեղծել Իրանի և Հայաստանի գործարարների միջև առևտրաարդյունաբերական համագործակցության ու զարգացման բարենպաստ պայմաններ: Կենտրոնն ապահովում է մարկետինգային, իրավաբանական, լոգիստիկ, մաքսային և այլ ծառայությունների մատուցում հայկական ու իրանական կազմակերպությունների համար: «Մեր խնդիրն է Հայաստանում գտնել նոր գործընկերներ, իրականացնել համատեղ նոր ծրագրեր ամենատարբեր ոլորտներում՝ մասնավորապես գյուղատնտեսություն, բժշկություն, շինարարություն, արդյունաբերություն, այդ թվում՝ նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ»,- նշել է Սահման Մորադին։
Հայաստանում ներդրումային իր ծրագրերը ներկայացրել է «Բիզոր» ընկերության հիմնադիր տնօրեն Համիդիե Դորրին։ Ներկայումս ընկերությունն արտադրում է շուրջ 50 անուն նոր սերնդի՝ ոչ ավանդական պարարտանյութ, որոնցից 12-ով առաջատարներից է աշխարհում։ Արտադրությունն իրականացվում է առաջատար բիո և նանոտեխնոլոգիաներով։ Հիմնադիր տնօրենը նպատակադրվել է համանման արտադրություն կազմակերպել նաև Հայաստանում` թե՛ տեղի պահանջարկի բավարարման, թե՛ երրորդ երկրներ արտահամնան նպատակով։
Կողմերը երկուստեք կարևորել են համատեղ ձեռնարկությունների հիմնումը, տեղեկատվական և խորհրդատվական փոխապահովումը, պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա սերտ համագործակցության վերաբերյալ։