Բլինքենը և Չավուշօղլուն քննարկել են Թուրքիային F16-երի մատակարարման հարցը
Տեղի է ունեցել պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հեռախոսազրույցը: Պետքարտուղարության հաղորդագրության համաձայն՝ կողմերն ընդգծել են Ռուսաստանի սանձազերծած պատերազմի ֆոնին Ուկրաինային ռազմական աջակցության հարցում ՆԱՏՕ-ի անդամ երկրների միասնության կարևորությունը։ Պետքարտուղարը նաև մտահոգություն է հայտնել Սիրիայում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Կողմերն անդրադարձել են նաև հացահատիկի միջանցքի գործարկման և Թուրքիային F-16 կործանիչներ մատակարարելու գործընթացին:
ՌԴ-Ն ԵՐԲԵՔ ՉԻ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ. ՊՈՒՏԻՆ
Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ բոլոր հակամարտություններն ավարտվում են բանակցություններով, Ռուսաստանն էլ երբեք չի հրաժարվել դրանցից՝ ի տարբերություն Ուկրաինայի, որի իշխանությունները, նրա ձևակերպմամբ, իրենք իրենց արգելել են բանակցել։ Պուտինը հավելել է՝ Ռուսաստանը ցանկանում է ավարտել 2014 թվականին սկսված պատերազմը։
Կրեմլի ղեկավարն անդրադարձել է նաև Ուկրաինային Արևմուտքի ռազմական աջակցությանը, նշել՝ Patriot-ը հնացած հակաօդային պաշտպանության համակարգ է, ռուսական ուժերը դրան «հակաթույն» կգտնեն: Պուտինը զգուշացրել է, որ Կիևին Patriot համակարգերի մատակարարումը միայն կերկարաձգի պատերազմը: ՌԴ նախագահը նաև հայտնել է, որ շուտով ծառայության կանցնի «Ադմիրալ Գորշկով» ֆրեգատը՝ զինված նոր տեխնիկայով, որը կմեծացնի Ռուսաստանի ռազմական հզորությունը:
ՔԱՆԱՆԻՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ԶԵԼԵՆՍԿՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին քննադատել է Ուկրաինայի նախագահի՝ Վաշինգտոնում արած հայտարարությունները, թե Իրանը անօդաչու թռչող սարքեր է տրամադրում Ռուսաստանին, և դրանք օգտագործվում են ուկրաինական ուժերի դեմ:
«Մենք միշտ հարգել ենք բոլոր երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Պարոն Զելենսկին պետք է իմանա, որ նման անհիմն մեղադրանքների պատճառով Թեհրանի ռազմավարական համբերությունը կարող է սպառվել»,- ընդգծել է Քանանին։
Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ Ուկրաինայում պատերազմից ամիսներ առաջ Թեհրանը Ռուսաստանին փոքր քանակությամբ ԱԹՍ-ներ է մատակարարել, սակայն ռազմական գործողությունների ընթացքում նման մատակարարումներ չեն եղել:
ՉԵՆ ԿԱՏԱՐՎՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒ
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Շվեդիայի արտգործնախարարի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ստոկհոլմը և Հելսինկին չեն կատարում ՆԱՏՕ-ին նրանց հնարավոր անդամակցության մասին համաձայնագրով նախատեսված պարտավորությունները: Մևլութ Չավուշօղլուն պարզաբանել է, որ Ֆինլանդիան և Շվեդիան չեն արտահանձնում Թուրքիայում ահաբեկչության համար մեղադրվող անձանց:
Չավուշօղլուի խոսքով՝ առաջընթաց կա Թուրքիային պաշտպանական արտադրանքի մատակարարման սահմանափակումների վերացման հարցում։ Շվեդիայի գլխավոր դիվանագետն ի պատասխան ընդգծել է, որ Ստոկհոլմը հավատարիմ է եռակողմ համաձայնագրով ստանձնած պարտավորություններին։
Ավելի վաղ Շվեդիայի Գերագույն դատարանը հայտարարել էր, որ Թուրքիային չի արտահանձնի ZAMAN թերթի նախկին խմբագիր Բյուլենթ Քենեշին, որին Անկարան մեղադրում է 2016 թվականին Ռեջեփ Էրդողանի իշխանությունը տապալելու փորձի և Թուրքիայում ահաբեկչական համարվող Գյուլենական շարժմանն անդամակցելու համար:
ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՄՈՏ ԴԵՄԵՆՑԻԱ Է ԱԽՏՈՐՈՇՎԵԼ
Թբիլիսիի քաղաքային դատարանը մինչև դեկտեմբերի 29-ը հետաձգել է Միխեիլ Սաակաշվիլիին ազատ արձակելու միջնորդության քննարկումը՝ հաշվի առնելով Վրաստանի նախկին նախագահի առողջական վիճակը: Սահակաշվիլին նիստին մասնակցել է հեռավար ռեժիմով՝ հիվանդանոցից:
Որոշումը զայրացրել է Սաակաշվիլիի փաստաբաններին։ Նրանք պնդում են, որ քաղաքական գործչի առողջական վիճակով պայմանավորված՝ դատավարությունը պետք է ավելի արագացված ընթացակարգով անցկացվի: Լսումների ժամանակ ամերիկացի հոգեբույժ Էրիկ Գոլդսմիթը, որը զբաղվում է Սաակաշվիլիի առողջական վիճակի հետազոտությամբ, տեղեկացրել է, որ Վրաստանի նախկին ղեկավարի մոտ դեմենցիա է ախտորոշվել, հիվանդությունն արագ տեմպերով զարգանում է, և նա պետք է բուժում ստանա արտերկրում։
Սաակաշվիլին ձերբակալվել է 2021 թվականին՝ Վրաստան վերադառնալուց հետո: Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Առողջական վիճակի վատթարացման պատճառով Վրաստանի նախկին նախագահը տեղափոխվել է հիվանդանոց: