ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը նախօրեին հավանություն է տվել երկրի 2023 թվականի ֆինանսական տարվա բյուջեի նախագծի ծախսային մասին: Ավելի վաղ նախագիծը հաստատել էր նաև Սենատը: Ըստ «Բլումբերգի»՝ նախագահ Ջո Բայդենի առաջարկած 2023 ֆիսկալ տարվա ընդհանուր բյուջեն կազմում է 5,8 տրիլիոն, որից ծախսային մասը՝ մոտ 1,7 տրիլիոն դոլար: Պակասուրդը, ըստ աղբյուրի 1,2 տրիլիոն դոլար է: 

Բյուջեով նախատեսված ծախսերի միագումար ծավալը ավելի բարձր կլինի, քան 2022 թ.։ Ֆինանսական միջոցների մեծ մասը՝ մոտ 858 մլրդ դոլար, կուղղվի պաշտպանությանը: Պաշտպանության հետ չկապված ծախսերին կհատկացվի մոտ 722 մլրդ դոլար: Ընթացիկ տարվա ամերիկյան բյուջեում պաշտպանության համար մոտ 10 տոկոսով պակաս է նախատեսվել (մոտ 782 մլրդ դոլար):

Ուկրաինային և ՆԱՏՕ-ի դաշնակիցներին շտապ աջակցության համար Վաշինգտոնը մտադիր է հատկացնել 44,9 մլրդ դոլար: Միջոցների մի մասը նախատեսված է ուկրաինացի զինվորականների պատրաստման և Կիևին փոխանցված սպառազինությունների համալրման համար:

Ընթացիկ տարվա բյուջեում Ուկրաինային ընդհանուր աջակցությունը նախատեսված էր 13,6 միլիարդ դոլար, ինչը գրեթե 3 անգամ պակաս է, քան նախատեսված է 2023 թ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն