Չարլզ III-ն իր կրտսեր եղբորը զրկել է Բուքինգհեմյան պալատի գրասենյակից․ պատճառը ամերիկյան սկանդալից հետո պարտականությունները չկատարելն է
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը Բուքինգհեմյան պալատում իր կրտսեր եղբորը՝ արքայազն Էնդրյուին զրկել է գրասենյակից այն բանից հետո, երբ վերջինս դադարել է իրականացնել պաշտոնական պարտականությունները ԱՄՆ-ում սեքսուալ սկանդալի պատճառով։ Այս մասին հայտնում է The Sun–ը։
«Արքայազն Էնդրյուի ցանկացած ներկայություն պալատում պաշտոնապես ավարտված է: Թագավորը դա պարզ հասկացրել է: Արքայազն Էնդրյուն չի գործում որպես թագավորական ընտանիքի անդամ: Նա ինքնուրույն է», - մեջբերում է պարբերականը: Ըստ անանուն զրուցակցի՝ մինչև վերջերս, չնայած բոլոր պաշտոնական գործերից հեռանալուն, Էնդրյուն շարունակում էր իր գրասենյակն ունենալ բրիտանական միապետների պաշտոնական նստավայրում։
62-ամյա արքայազնն ինքը, նշում է The Sun-ը, կշարունակի ապրել Լոնդոնի մոտ գտնվող Վինձոր ամրոցում։ 2003 թվականից նա իրավունք է ստացել 75 տարի բնակվելու թագավորական կալվածքում։ Բացի 31 ննջասենյակ ունեցող համանուն տնից, այն ներառում է 40 հեկտար հողատարածք, որի վրա կան ևս մի քանի բնակելի շենքեր։
Արքայազն Էնդրյուն ստիպված է եղել հրաժարական տալ իր պաշտոնական պարտականություններից 2019 թվականի ավարտին, երբ ամերիկուհի Վիրջինիա Ջիուֆրեն ոչ առաջին անգամ հրապարակավ հայտարարեց, որ թագուհու որդին մի քանի տղամարդկանց թվում է, որոնց հետ ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրին ստիպել է նրան սեքսով զբաղվել։ Այնուհետև Ջուֆրեն դատական հայց է ներկայացրել ընդդեմ դուքսի՝ պահանջելով փոխհատուցում նրա ֆիզիկական և բարոյական վնասի դիմաց: Հայցը մերժելու անհաջող փորձից հետո արքայազնը, ով հետևողականորեն հերքում էր իր մեղքը, նախընտրեց Ջիուֆրի հետ վեճը լուծել դատարանից դուրս: Կնոջ ստացած փոխհատուցման չափը պաշտոնապես չի հայտարարվել, սակայն, ըստ բրիտանական լրատվամիջոցների, կազմել է 12 մլն ֆունտ (մոտ 15 մլն դոլար):