Փորձեմ գալ նաեւ «հակառակ ծայրից», հատկապես, որ, ինքս չունենալով որեւէ ստույգ տեղեկատվություն, գերադասում եմ տեղի ունեցողը հասկանալու համար նայել տարբեր անկյուններից. Հակոբ Բադալյան
Փորձեմ գալ նաեւ «հակառակ ծայրից», հատկապես, որ, ինքս չունենալով որեւէ ստույգ տեղեկատվություն, գերադասում եմ տեղի ունեցողը հասկանալու համար նայել տարբեր անկյուններից:
Երեւան-Մոսկվա «գծում» տեղի է ունենում բավականին շոշափելի հռետորական փոխհրաձգություն: Մի անկյունից սա բնականաբար դիտվում է Ռուսաստանի դժգոհություն առ այն, որ Երեւանը փորձում է աշխատել Արեւմուտքի ներգրավվածությունը մեծացնելու ուղղությամբ: Եվ այդ հանգամանքը ունի պարզ փաստարկ՝ չի աշխատում ՌԴ երաշխիքային մեխանիզմը, հետեւաբար փնտրվում են զուգահեռ այլ հնարավորություններ: Իհարկե դրանց հեռանկարայնությունը այլ հարց է, բայց Երեւանն իր ջանքը կառուցում է տրամաբանական փաստարկի վրա:
Միաժամանակ, այս տարբերակում կա նաեւ հետեւյալ խնդիրը: Այդ հանգամանքը կարող է ՌԴ հանդեպ իր ճկունությունը առավել մեծացնելու եւ Մոսկվային առավել կաշկանդելու համար օգտագործել Բաքուն: Կրկնեմ, խոսքն առավել մեծացնելու մասին է, քանի որ այդ հնարավորությունը Բաքուն ինքնին ունի արդեն իսկ առկա արեւմտա-ռուսական դիմակայության շնորհիվ, այդ թվում թիկունքում ունենալով նաեւ Թուրքիա:
Այդ իրավիճակում, Ռուսաստանը պետք է գնա Հայաստանին ճնշելու եւ Բաքվի «հայցած» օրակարգով զիջումները կորզելու ճանապարհով: Բայց, հարկ է նկատել, որ Մոսկվայի համար այդ ճանապարհի հարթությունն էլ ամենեւին երաշխավորված չէ: Հետեւաբար, փնտրելու են մանեւրի տարածություն:
Այդ իրավիճակում, ինչը՞ կարող է ապահովել Ռուսաստանին անհրաժեշտ ճկունություն: Արդյո՞ք Երեւանի «անհնազանդության», Մոսկվային չենթարկվելու հանգամանքը Ռուսաստանի համար կարող է դիտվել Ադրբեջանի «հայցումներից» խուսանավելու միջոց:
Համենայն դեպս առաջարկում եմ իրավիճակը դիտարկել նաեւ այդ տեսանկյունից, բայց բոլոր նրանց, ում հետաքրքիր է տեղի ունեցող խիստ շերտավոր զարգացումների խորությունը չափելը, այլ ոչ թե այս կամ այն երկրպագության ինֆորմացիոն առիթներ փնտրելը: Ի վերջո, այդ փնտրտուքն էլ յուրաքանչյուրի իրավունքն է:
Ի դեպ, այդ կերպ Մոսկվան կարող է դիտարկել նաեւ իրավիճակի համար Արեւմուտքի պատասխանատվության բեռը բարձրացնելու հնարավորություն՝ Երեւանին «մղելով» այդ դաշտ, որպես պատասխան ՌԴ-ն իր այսօր ունեցած պատասխանատվության բեռի տակ կքելու Արեւմուտքի քաղաքականության:
Երեւանն անշուշտ պարտադրված է մանեւրել իր հերթին, բայց թերեւս ինքն էլ դեմ չէ Արեւմուտքի պատասխանատվության խնդիրը առարկայացնելուն, որպեսզի ի վերջո հստակ լինի, թե որքան են իրապես հանձնառու թեկուզ հարաբերական խաղաղության նպատակին, եւ թե որքան են իրականում մտադիր պարզապես բարդացնել այս ռեգիոնում Իրանի եւ ՌԴ կյանքը, թեկուզ ապակայունացման մեծ ռիսկի գնով:
Ընդ որում, ինչպես շաբաթներ առաջ էի արձանագրել, այդ հարցադրումն օրինակ Վաշինգտոնի համար բարձրաձայնել էր նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ասելով, որ միջնորդական նախաձեռնությունը անհրաժեշտաբար պետք է հագեցած լինի կայունության համար հանձնառությամբ:
Երեւանի մանեւրը որքան կենսական, նույնքան էլ իհարկե շատ բարդ է, եւ փորձելով լուծել այդ խնդիրը, այդուհանդերձ պետք է չափազանց զգույշ լինել «չվառվելու» համար, ինչից ապահովագրված լինելու թերեւս կարեւորագույն գրավականն այդուհանդերձ երկու ուղղություններում հաղորդակցության անմիջականության ապահովումն է:
Հենց այդ նկատառումն էր արտահայտում նաեւ նախօրեի գրառումս, որ, մեր դիրքերն ու փաստարկները պետք է պաշտպանենք, մեր մտահոգություններն ու դժգոհությունը պետք է փաստարկենք, մեր անհրաժեշտությունները ձեւակերպենք ու ներկայացնենք ոչ թե «խուսանավման», այլ հենց հանդիպում փնտրելու տրամաբանությամբ ու պատրաստվածությամբ, որովհետեւ քայլում ենք իհարկե շատ բարակ լարի վրայով, բայց այդուհանդերձ մեր գործը եւ անելիքը լարախաղացությունը չէ, այլ քաղաքականությունը, այն էլ մեծ քաղաքականությունը: