Եվրախորհրդարանի ևս 2 պատգամավոր կոռուպցիոն սկանդալի պատճառով կարող է զրկվել անձեռնմխելիությունից
ԵՄ-ն կսկսի կոռուպցիոն սկանդալի մեջ ներգրավված 2 պատգամավորների պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գործընթացը։
Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան ասել է, որ դա արվում է բելգիական ոստիկանության պահանջով։ Նրա հայտարարության մեջ, սակայն, չեն նշվում այդ գործում ներգրավված Եվրախորհրդարանի պատգամավորների անունները։
Սկանդալը ծագել էր անցյալ ամիս այն բանից հետո, երբ Եվրախորհրդարանի մեկ պատգամավոր և ևս երեք անձ ձերբակալվել էին կոռուպցիայի և փողերի լվացման մեղադրանքով:
Թեև իշխանությունները չեն նշում կաշառակերության սխեմայի հետևում կանգնած երկրի անունը, ԵՄ բազմաթիվ աղբյուրներ մեղադրում են Կատարին:
Այնուամենայնիվ, Պարսից ծոցի այս պետությունը կտրականապես մերժում է անօրինական գործողությունների վերաբերյալ ցանկացած մեղադրանք:
Մեցոլան հայտարարել է՝ սկանդալը ցույց է տալիս, որ բաց, ազատ, ժողովրդավարական հասարակությունները վտանգի տակ են, և ոստիկանության խնդրանքով հրատապ ընթացակարգ կսկսվի՝ եվրախորհրդարանի երկու պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու համար:
ԵՄ աղբյուրը BBC-ին հայտնել է, որ ոստիկանությունը կապվել է իրենց գրասենյակի հետ դեկտեմբերի 30-ին:
Հունվարի 16-ին հարցումը պետք է ներկայացվի Եվրախորհրդարան, ապա այն կփոխանցվի իրավական հանձնաժողովին։ Այնուհետև, վերջնական քվեարկությունից առաջ մեղադրանքների վերաբերյալ զեկույց կպատրաստվի՝ Եվրախորհրդարանի պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ:
Մեցոլան նշել է, որ կցանկանար, որ ամբողջ գործընթացը ավարտվեր մինչև փետրվարի 13-ը։
Պալատի փոխնախագահներից մեկը՝ հույն Եվրախորհրդարանի պատգամավոր Եվա Կայլին, ի թիվս մի քանի այլ կասկածյալների, ձերբակալվել է անցյալ ամիս:
Այնուամենայնիվ, 44-ամյա սոցիալիստ եվրախորհրդարանին, որը հերքում է իրեն ուղղված մեղադրանքները, արդեն զրկել են անձեռնմխելիությունից: Հաղորդվում է, որ ոստիկանությունը նրա մոտ հայտնաբերել է «կանխիկ դրամով պայուսակներ»։
Նրա փաստաբանը հերքել է պնդումները, թե նա կաշառք է վերցրել՝ չնայած, ըստ հաղորդագրությունների, Բրյուսելի նրա բնակարանում հայտնաբերվել է 150 հազար եվրո։
Ըստ որոշ աղբյուրների՝ ևս 600.000 եվրո հայտնաբերվել է կասկածյալներից մեկի տանը, 750.000 եվրո էլ՝ Բրյուսելի հյուրանոցի համարում գտնվող ճամպրուկում:
Եվա Կայլին նախնական կալանքի տակ է իր գործընկեր Ֆրանչեսկո Ջորջիի և իտալացի նախկին պատգամավոր Պիեր Անտոնիո Պանցերիի հետ։
Անցյալ ամիս լսումների ժամանակ պարզվել է, որ Բելգիայի անվտանգության ծառայությունը, համագործակցելով ԵՄ այլ երկրների հետ, ավելի քան մեկ տարի աշխատել է Եվրախորհրդարանում կոռուպցիայի մեղադրանքները հետաքննելու համար: