ՀՏԶՀ գործադիր տնօրենը թեև ամեն օր Վեդու ջրամբարի շինհրապարակում չէ, բայց աշխատանքներին հետևում է 24/7 ռեժիմով: Կառավարության որոշմամբ ջրամբարի կառուցման ժամկետը երկարաձգվել է:

Արթուր Սողոմոնյան (ՀՏԶՀ գործադիր տնօրեն) - Շինարարության ընթացքի վրա բացասաբար ազդող օբյեկտիվ պատճառներից են գների թանկացումն ու եվրոյի փոխարժեքի նվազումն ազգային արժույթի նկատմամբ: Ինչու. որովհետև այս պայմանագիրը կնքվել ու վճարվում է եվրոյով:

Եթե նաև քովիդն ու 2020-ի պատերազմը չխանգարեին, ջրամբարի պատվարի և օժանդակ կառուցվածքների շինաշխատանքները ավարտված կլինեին պայմանագրով նախատեսված ժամկետում՝ 2021-ին:

Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Այն խնդիրները, որոնք որ գտել ենք օբյեկտիվ են, կառավարությունը դրանց լուծում տվել է, և ակնկալում ենք, որ այս ժամանակահատվածում գրեթե ոչ մի օր չի կանգնի շինարարությունը, եթե եղանակը թույլ տա, հաջորդ տարի վերջապես ավարտենք:

Մշակել ու գործողության մեջ են դրել իրավիճակը մեղմացնող միջոցառումներ: Հարկադիր պարապուրդի համար շինարարին կվճարեն: Իսկ արդեն Վեդի և Խոսրով գետերի հեղեղային հոսքերով ջրամբարը կսկսեն լցնել 2023-ի երկրորդ կեսին:

Գնել Սանոսյան - Հաջորդ տարի մենք մոտ 25 տոկոսով ջրամբարը կլցնենք, հետագայում՝ ըստ որոշակի պարբերականության, դա մասնագիտական մեթոդ է և տևում է մի քանի տարի:

90 մլն եվրո արժողությամբ ծրագիրն իրականացվում է Զարգացման ֆրանսիական գործակալության վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ:

Արթուր Սողոմոնյան - Լրացուցիչ ֆինանսական միջոցներ կներարկվեն շինարարական գործընթացների մեջ, բայց դա չի բերի ծրագրի թանկացման, քանի որ որոշակի երաշխիքների դիմաց կապալառուին կվճարվեն գումարներ, որոնք նախատեսվում էին վճարել ավել ուշ:

85 մ բարձրությամբ մեծ պատվարի կառուցման վերջին 17 մ-ն է մնացել: Փռված է 25 սմ հաստությամբ կավի 268-րդ շերտը:

Սերգեյ Սերեդա (Վեդու ջրամբարի շինարարության տեղամասի տնօրեն) - Երեկ ամբողջ օրը կատարել ենք կտրման, հանման աշխատանքներ: Մոտ 1 շերտ հեռացրել ենք, սպասում ենք գա իր համապատասխան վիճակին ու տեղադրենք հաջորդը:

Անկախ եղանակային պայմաններից՝ կուտակած կավն ամեն օր հագեցնում են ջրով, պահում համապատասխան խոնավությունը: Կավն է հողաքարային պատվարի միջուկը: Այնուհետև՝ ֆիլտրերն են, հետո՝ դրենաժային շերտն ու ժայռային քարալիցքը, որոնք բերում են տարածքի հանքից:

Սերգեյ Սերեդա - Տեղադրումից առաջ նորից մշակում ենք, քարը բերում համապատասխան չափի որ լաբորատոր արդյունքով կարողանանք թույլտվություն ստանանք հաջորդ շերտերի համար:

Ջրամբարի կառուցման աշխատանքների 85 տոկոսից ավելին արդեն արված է: Փոքր պատվարը գրեթե պատրաստ է: Իռիգացիոն թունելի, վթարային ջրթողի կառուցումն ավարտված է ամբողջությամբ: Շինհրապարակում միաժամանակ 104 մարդ է աշխատում, 68 միավոր տեխնիկա՝ վստահեցնում են՝ շինարարությունը երկարաձգվում է վերջին անգամ:

Սերգեյ Սերեդա - Շատ լավ եղանակային պայմաններ ունենք և օգտագործում ենք ամեն վայրկյանը: Եղանակի հետ պայքարելով՝ փորձում ենք ավարտել:

Ջրամբարում կկուտակվի 29 մլն խորանարդ ջուր, կօգտագործվի 2800 հեկտար նոր հողեր ոռոգելու նպատակով:

Վեդիի ջրամբարը կթեթևացնի նաև Սևանի հոգսը 18 մլն խ.մ-ով:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն