Պուտինը հանձնարարել է հրադադարի ռեժիմ սահմանել Ուկրաինայում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին հանձնարարել է Ուկրաինայում հունվարի 6-ի ժամը 12:00-ից հունվարի 7-ի ժամը 24:00-ն սահմանել հրադադար, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Հաշվի առնելով Նորին Սրբություն Պատրիարք Կիրիլի կոչը՝ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարին հանձնարարում եմ հունվարի 6-ի ժամը 12:00-ից մինչև հունվարի 7-ի ժամը 24:00-ն Ուկրաինայում կողմերի շփման գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանել: »,- ասված է հայտարարության մեջ։
Կրեմլը նշել է, որ մարտական գործողությունների շրջաններում ապրում են ուղղափառություն դավանող մեծ թվով քաղաքացիներ, ուստի Ռուսաստանը կոչ է անում ուկրաինական կողմին հնարավորություն տալ նրանց «Սուրբ Ծննդյան ճրագալույցի, ինչպես նաև Քրիստոսի ծննդյան օրը մասնակցել եկեղեցական արարողություններին»:
Հինգշաբթի ավելի վաղ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը կոչ էր արել Սուրբ Ծննդյան զինադադար հաստատել, որպեսզի «ուղղափառները կարողանան մասնակցել Սուրբ Ծննդյան ճրագալույցին և Քրիստոսի Ծննդյան օրը եկեղեցական արարողություններին»:
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 314-րդ օրը։