Կիևը հրաժարվել է աջակցել Ռուսաստանի առաջարկած Սուրբ Ծննդյան զինադադարին
Ուկրաինայի իշխանությունները հրաժարվում են կատարել Ռուսաստանի առաջարկած Սուրբ Ծննդյան զինադադարը, 24-րդ ալիքի եթերում հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Օլեքսի Դանիլովը։
«Նրանց հետ ոչ մի բանակցություն, ոչ զինադադարի, ոչ էլ ժամկետի մասին, դա մեզ հետ կապ չունի»,- ասել է նա։
Հինգշաբթի ավելի վաղ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը առաջարկել էր Սուրբ Ծննդյան զինադադար հաստատել հունվարի 6-ի ժամը 12:00-ից մինչև հունվարի 7-ի ժամը 24:00-ն, որպեսզի «ուղղափառները կարողանան մասնակցել Սուրբ Ծննդյան ճրագալույցին և Քրիստոսի Ծննդյան օրը եկեղեցական արարողություններին»:
Նախագահ Վլադիմիր Պուտինն այնուհետև պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին հանձնարարել է հրադադար հաստատել Ուկրաինայի շփման գծի ողջ երկայնքով՝ սահմանված ժամին։ Այս հանձնարարականի համաձայն՝ ռուսական զորքերին հրադադարի մասին հրաման է տրվել։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 314-րդ օրը։