Թուրքիայի ընդդիմությունը նախագահական ընտրություններում միասնական թեկնածու է առաջադրելու
Թուրքիայի վեց կուսակցությունից բաղկացած ընդդիմադիր դաշինքը նախագահական ընտրություններում միասնական թեկնածու կառաջադրի։ Այս մասին ուրբաթ հայտարարել է Ապագայի կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հայտարարությունը արտահերթ ընտրություններ անցկացնելու հավանականության մասին։
Միաժամանակ Դավութօղլուն չի հստակեցրել, թե ով է լինելու ընդդիմության նախագահի թեկնածուն։
Իշխող «Ժողովրդական դաշինքի» թեկնածուն, որի կազմում ԱԶԿ-ի հետ «Ազգայնական շարժում» կուսակցությունն է, Թուրքիայի ներկա նախագահ Էրդողանն է։ Նա բազմիցս հորդորել է ընդդիմությանը նշել իրենց թեկնածուին, սակայն վերջինները հրաժարվում են դա անել, քանի դեռ չի նշանակվել ընտրությունների օրը:
Թուրքիայի նախագահական և խորհրդարանական հերթական ընտրությունները նախատեսված են 2023 թվականի հունիսի 18-ին, սակայն իշխող կուսակցությունն առաջարկում է ընտրություններն անցկացնել ավելի վաղ՝ կապված հունիսին համալսարանական քննությունների մեկնարկի, ուսանողական արձակուրդի և ընդհանրապես, արձակուրդների շրջանի հետ, որը, ըստ ԱԶԿ-ի, կարող է նվազեցնել ընտրողների մասնակցությունը:
Որպես ընտրությունների հավանական ժամկետներ նշվում են ապրիլի 30-ը, մայիսի 7-ը կամ 14-ը։