Ես որևէ մեկի տարաձայնությունների դատավորը չեմ և չեմ կարող մեկնաբանել․ Մարուքյանը՝ Վեհափառի մատուցած Սուրբ Ծննդյան պատարագին իշխանական վերնախավի չմասնակցելու մասին
Մենք հիմա Հայաստանի հազարավոր եկեղեցիներից մեկում ենք գտնվում, մարդիկ, կարող է, տարբեր եկեղեցիներ են գնում կամ չեն գնում, ես կարծում եմ՝ դա յուրաքանչյուր մարդու գործն է՝ երբ գնա եկեղեցի, ինչպես աղոթի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե ինչու իշխանական վերնախավը ներկա չէր Սուրբ Ծննդյան տոնի առթիվ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի մատուցած հայրապետական պատարագին, ասաց Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Որևէ բան չեմ տեսնում այստեղ, հեռուն գնացող հետևություններ չէի անի։ Երեկ եղել է նաեւ վարչապետի ուղերձը Սուրբ Ծնունդի կապակցությամբ, սա այն թեման չէ, որ քաղաքականացնենք»,- ասաց Մարուքյանը։
Հարցին՝ արդյո՞ք բարձրաստիճան պաշտոնյաների բացակայությունը պայմանավորված է եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա տարաձայնություններով, Մարուքյանը նշեց․
«Ես չեմ որևէ մեկի տարաձայնությունների դատավորը, չեմ կարող մենկաբանել, ես կարող եմ ասել, որ որպես Սուրբ Ծննդյան օրվա առիթ, ինչպես միշտ, հույս ունեմ, որ ավելի կհամախմբվենք, կվերանայենք մեր գործերն ու կքննենք ինքերս մեզ, որպեսզի ավելի լավը լինենք, գործենք, ոչ թե ընդդեմ։ Ես հույս ունեմ, որ համախմբված լուծելու ենք մեր առջեւ ծառացած հիմնախնդիրները»,- նկատեց Մարուքյանը։
Խոսելով Լաչինի միջանցքի փակման և Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին՝ Մարուքյանը ընդգծեց, որ Հայաստանը բոլոր գործիքները կիրառում է խնդիրը լուծելու համար։
«Կառավարությունում փոխվարչապետին կից հումանիտար հարցերով խումբ է ձեւավորված։ Ամեն ինչ արվում և արվելու է, որպեսզի բլոկադան, այն ամենը, ինչ Ադրբեջանն անում է Լեռնային Ղարաբաղի հանդեպ, դրա դեմն առնենք։ Հիմա նորություն ունե՞նք՝ ես նորություն չունեմ ասելու, կլինի նորություն, կիմանաք այդ մասին։ Խնդիրը դիվանագիտական հարթակներում է քննարվկում, աշխատանքները տարվում են»,- ասաց Մարուքյանը։