Հիմա Ուկրաինայում պատերազմը կրիտիկական կետում է. Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ընդգծել է Ուկրաինային աջակցելու շարունակման կարևորությունը։ Նրա կարծիքով՝ իրավիճակը գտնվում է «կրիտիկական կետում»։
«Հիմա Ուկրաինայում պատերազմը կրիտիկական կետում է։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի օգնենք ուկրաինացիներին դիմակայելու ռուսական ագրեսիային, իսկ Ռուսաստանը չի փորձում դանդաղեցնել տեմպերը», - ասել է Բայդենը նախարարների կաբինետի անդամների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքերը մեջբերված են Սպիտակ տան կայքում:
Բայդենը հիշեցրել է, որ պայմանավորվել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ՝ Ուկրաինա ուղարկել Bradley և Marder հետևակի մարտական մեքենաներ՝ համապատասխանաբար ամերիկյան և գերմանական արտադրության։
Նա խոստացել է, որ ԱՄՆ-ն կօգնի Ուկրաինային «պաշտպանվել ռուսական օդային հարվածներից»։
Միացյալ Նահանգների նախագահն ասել է, որ Patriot հակաօդային պաշտպանության համակարգերն արդեն «աշխատում են, և ռուսները սկսում են դա գիտակցել»: Նրա խոսքով՝ իրենք «լավ են աշխատում ու շատ են օգնում»։
Միևնույն ժամանակ հունվարի 4-ին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Patriot համակարգերի տեղափոխման նախապատրաստական աշխատանքները նոր են սկսվել։