Վրաստանի իշխանությունները շնորհավորել են բոլոր հայերին Սուրբծննդյան տոնի կապակցությամբ
Վրաստանի վարչապետը, նախագահն ու Թբիլիսիի քաղաքապետը Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ շնորհավորել են Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն և նրա հավատացյալներին Վրաստանում և ամբողջ աշխարհում:
«Թող բարության և առաքինության այս մեծ տոնը խաղաղություն, առողջություն և բարեկեցություն բերի ձեզ և ձեր ընտանիքներին»,- գրել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ֆեյսբուքյան իր էջում:
«Այսօրվա կապակցությամբ ցանկանում եմ շնորհավորել մեր հայ հայրենակիցներին և եղբայրական հայ ժողովրդին, բոլոր նրանց, ովքեր Քրիստոսի Ծննդյան և Տիրոջ մկրտության տոնը նշում են առանձնակի ուրախությամբ և մեծ շուքով»,- գրել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Վարչապետն ընդգծել է, որ վրաց և հայ ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքն ու սերը հանգեցրել են երկու պետության միջև դարավոր բարեկամության և բարիդրացիական հարաբերությունների։
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն էլ իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է. «Շնորհավորում եմ Վրաստանում և Թբիլիսիում բնակվող մեր հայ հայրենակիցներին, եղբայրական հայ ժողովրդին, աշխարհասփյուռ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու ծխականներին Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ։ Մաղթում եմ ձեզ խաղաղություն և բարգավաճում, երջանկություն ու առաջընթաց ձեզ և ձեր ընտանիքներին»: