ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին 15-րդ քվեարկության արդյունքում հաջողվել է խոսնակ ընտրել: Այդ պաշտոնը կզբաղեցնի հանրապետականների առաջնորդ Քևին Մըքքարթին: Նա ստացել է 216 ձայն՝ անհրաժեշտ 218-ից, ինչն այս դեպքում բավական է, քանի որ վեց օրենսդիր թեկնածուներից ոչ մեկի օգտին չի քվեարկել: Դեմոկրատ Հակիմ Ջեֆրիսի օգտին 15-րդ փուլում, ինչպես և նախորդ փուլերում, քվեարկել է 212 կոնգրեսական։

Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնը երրորդ ամենակարևորն է ԱՄՆ պետական հիերարխիայում: Ակնկալվում էր, որ Մըքքարթին այս պաշտոնը կզբաղեցնի դեռ հունվարի 3-ին, սակայն քվեարկությունը ձգձգվում էր նրա որոշ կուսակիցների դիրքորոշման պատճառով։ Լրատվամիջոցների տվյալով՝ բավարար թվով ձայներ հավաքելու համար Մըքքարթին ստիպված է եղել մի շարք զիջումների գնալ՝ մասնավորապես խոսնակի պաշտոնավարման ժամկետների և պայմանների հետ կապված։ Ջո Բայդենը շնորհավորել է Մըքքարթիին և պատրաստակամություն հայտնել «աշխատել հանրապետականների հետ»՝ որքանով հնարավոր է:

ԱՄՆ-ում վերջին անգամ նման իրավիճակ էր ստեղծվել 164 տարի առաջ: 1859 թվականին ստորին պալատի խոսնակ ընտրելու համար 44 փուլ է պահանջվել:

Քևին Մըքքարթիին իր ներդրումն է ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունման գործում: 2019 թվականին նա պարգևատրվել է «Մխիթար Գոշ» պետական պարգևով՝ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն