Չնայած բոլոր մարտահրավերներին, ես խորապես համոզված եմ, որ ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա․ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետով
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը, ով այս պաշտոնը ստանձնել է հունվարի 1-ից, ասել է, որ կազմակերպությունն ունակ է լուծել իր առջև դրված խնդիրները։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը:
«Չնայած բոլոր մարտահրավերներին, ես խորապես համոզված եմ, որ ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, այն ի վիճակի է լուծել այն խնդիրները, որոնք դրված են իր առջև», - գլխավոր քարտուղարի խոսքերն է մեջբերել ՀԱՊԿ-ի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը։
Թասմաղամբետովը նշել է, որ այժմ աշխարհն ականատես է դառնում աշխարհաքաղաքական մեծ մարտահրավերների։
«Մենք պետք է լուծենք շատ բարդ քաղաքական, տնտեսական և այլ խնդիրներ: ՀԱՊԿ-ի առաջ ոչ պակաս բարդ խնդիրներ են ծառացած: Այս բոլոր մարտահրավերներն ու խնդիրները ազդում են մեր կազմակերպության առանցքային դերի, նրա հեղինակության և տարածաշրջանային անվտանգության ապահովման արդյունավետ մեխանիզմ լինելու կարողության վրա: Դրա հետագա հեղինակությունն ու արդյունավետությունը կախված է մեզնից և ձեզնից», - հավելել է նա։