Իսրայելի նախագահը Էրդողանին հրավիրել է իր երկիր
Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը չորեքշաբթի թուրք գործընկեր Էրդողանին հրավիրել է այցելել իր երկիր: Նախագահն ընդունել է Անկարայի նոր դեսպանին՝ ի նշան վերջերս երկրների միջև հարաբերությունների ջերմացման, գրում է Reuters-ը:
Անցյալ տարի նախագահ Հերցոգը, որի դերը հիմնականում արարողակարգային է, 2008 թվականից ի վեր Իսրայելի առաջին առաջնորդն է, որն այցելեց Թուրքիա, այն բանից հետո, երբ երկու երկրները սկսեցին վերականգնել հարաբերությունները և վերջ դրեցին ավելի քան տասնամյա դիվանագիտական խզմանը:
Կողմերը պայմանավորվեցին փոխադարձաբար դեսպաններ նշանակել օգոստոսին, իսկ նոյեմբերին կայացած ընտրություններում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հաղթանակից հետո Էրդողանի հետ պայմանավորվեցին շարունակել բարելավել հարաբերությունները:
Ըստ Reuters-ի՝ դա չի խանգարել սակայն, որ Թուրքիան միանա Իսրայելի անվտանգության նոր նախարար, աջծայրահեղական Իտամար Բեն-Գվիրի՝ Երուսաղեմի Ալ Աքսա մզկիթ կատարած այցի քննադատությանը: