Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձանագրում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր վերջին հայտարարություններով վերջապես անկեղծորեն նշում է, որ այսպես կոչված միջանցքի մասին արվող պնդումները նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետ որևէ աղերս չունեն: «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն ընդգծել է՝ հայտարարության մեջ կա հիշատակում միայն մեկ՝ Լաչինի միջանցքի մասին, որն էլ ավելի քան մեկ ամիս է ապօրինի կերպով շրջափակված է Ադրբեջանի կողմից։

Հունանյանը նաև նշել է՝ Ադրբեջանի նախագահն իր վերջին հայտարարություններով ակամա ընդունում է, որ Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունով ամրագրված իր միջազգային պարտավորությունները, արդեն ավելի քան մեկ ամիս շրջափակման մեջ է պահում 120 հազար արցախահայությանը և Լեռնային Ղարաբաղը նպատակամղված կերպով հասցնում է հումանիտար աղետի:

-Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է, որ բոլոր նրանք, ովքեր չեն ցանկանում ապրել Լեռնային Ղարաբաղում՝ որպես Ադրբեջանի քաղաքացիներ, կարող են հեռանալ, քանի որ նրանց հեռանալու համար ճանապարհը բաց է: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:

-Ադրբեջանի նախագահն իր այս հայտարարությամբ ակամա ընդունում է, որ Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունով ամրագրված իր միջազգային պարտավորությունները, արդեն ավելի քան մեկ ամիս շրջափակման մեջ է պահում 120 հազար արցախահայությանը և Լեռնային Ղարաբաղը նպատակամղված կերպով հասցնում է հումանիտար աղետի: Ադրբեջանն ընդունում է, որ իր գործողությունների վերջնանպատակը Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտման ենթարկելն է, Լեռնային Ղարաբաղի հայությանը իր սեփական հայրենիքում ապրելու հնարավորությունից զրկելն է:

Այս պայմաններում միջազգային շահագրգիռ գործընկերներին կոչ ենք անում հստակ գործողությունների միջոցով պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը և փրկել արցախահայությանը վերահաս արհավիրքից: Չի կարելի Լեռնային Ղարաբաղի ժողովրդին զրկել հայրենիք ունենալու և իրենց հայրենիքում կենսագործունեության բնական իրավունքից։

-Ադրբեջանի նախագահը նույն հարցազրույցում հերթական անգամ խոսելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, ընդունել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ այդ տերմինը չկա: Միաժամանակ, սպառնացել է թե «միջանցքը լինելու է՝ անկախ նրանից Հայաստանը ցանկանում է դա, թե ոչ»: Ինչ կարող եք ասել այս առումով:

-Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ շահագրգռված է նոյեմբերի 9-ի հայտարարությանը համահունչ տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների բացմամբ: Մենք պատրաստ ենք ազգային օրենսդրության շրջանակում դա իրականացնել ամենակարճ ժամանակահատվածում՝ երկրների ինքնիշխանության և ճանապարհների նկատմամբ իրավազորության պահպանման շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների շրջանակում: Միաժամանակ, Հայաստանը երբևէ չի համաձայնվի արտատարածքային միջանցքի տրամադրմանը։

Ողջունելի է, որ Ադրբեջանի ղեկավարությունը վերջապես ինքն էլ անկեղծորեն նշում է, որ այսպես կոչված միջանցքի մասին արվող պնդումները նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետ որևէ աղերս չունեն: Հայտարարության մեջ կա հիշատակում միայն մեկ՝ Լաչինի միջանցքի մասին, որն էլ ավելի քան մեկ ամիս է ապօրինի կերպով շրջափակված է Ադրբեջանի կողմից։

Իսկ ուժով միջանցք բացելու մասին սպառնալիքները ևս մեկ անգամ ակնառու կերպով ի ցույց են դնում միջազգային իրավունքում առանցքային դեր ունեցող ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքի խախտումն Ադրբեջանի կողմից, ինչպես նաև միջազգային միջնորդների մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների նկատմամբ պաշտոնական Բաքվի բացարձակ արհամարհանքը:

Հերթական անգամ պետք է արձանագրենք, որ Ադրբեջանի ղեկավարության գործողությունները, ռազմատենչ հռետորաբանությունը և առավելապաշտական մոտեցումները լրջորեն վտանգում են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու հնարավորությունը:

-Հարցազրույցում Իլհամ Ալիևը նաև անդրադարձ է կատարել ԵՄ դիտորդական առաքելությանը՝ իր դժգոհությունը հայտնելով Հայաստանում նոր դիտորդական առաքելության տեղակայման հնարավորությունից:

-Նախևառաջ ցանկանում ենք ընդգծել, որ Հայաստանը բարձր է գնահատում 2022թ. դեկտեմբերի 19-ին ավարտված ԵՄ առաքելության դերը տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման ու Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիաների կանխարգելման գործում: Մենք նաև պատրաստակամություն ենք հայտնել շարունակել ԵՄ հետ փոխշահավետ համագործակցությունը՝ ՀՀ ինքնիշխան տարածքում Միության նոր դիտորդական առաքելության իրականացման համատեքստում:

Մեզ համար անհասկանալի է Ադրբեջանի նախագահի դժգոհությունը. չէ՞ որ խոսքը, կրկնենք, ՀՀ ինքնիշխան տարածքում առաքելության իրագործման հնարավորության մասին է: Ըստ ամենայնի, ադրբեջանական կողմը մտավախություն ունի, որ ԵՄ նոր առաքելությունը խոչընդոտ կհանդիսանա ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ նոր ագրեսիա ձեռնարկելիս, ինչի վտանգը շարունակում է շատ բարձր մնալ:

-Նշանակու՞մ է սա արդյոք, որ բանակցությունները կարելի է համարել ավարտված:

-Ամենևին, 2022թ. դեկտեմբերին մենք Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման կամ, ինչպես ընդունված է ասել, խաղաղության պայմանագրի նախագծի մեր առաջարկներն ենք ներկայացրել ադրբեջանական կողմին և այժմ սպասում ենք նրանց արձագանքին:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն