Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով Երևանում է։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առանձնազրույցից հետո տեղի է ունեցել հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը:

Վրաստանը կրկին առաջարկել է միջնորդ դառնալ Երևանի և Բաքվի միջև, ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՝ Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։

Զրուցակիցները նշել են, որ երկու երկրների միջև առկա է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ։

Ղարիբաշվիլին և Փաշինյանն անդրադարձել են նաև անվտանգության ոլորտում տիրող իրավիճակին և տարածաշրջանում ու աշխարհում առկա մարտահրավերներին:

Մինչ այդ ՀՀ կառավարությունը որոշում էր ընդունել Վրաստանի սահմանը նույնականացման քարտերով հատելու հնարավորության մասին։

Շուտով հնարավոր կլինի հայ-վրացական սահմանը հատել նույնականացման քարտով։ Կառավարության նիստում  ԱԳՆ Արարատ Միրզոյանը ներկայացրել է որոշման նախագիծ, ըստ որի առաջարկվում է հայ-վրացական սահմանը հատել առանց անձնագրի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխադարձ այցելությունները դյուրացնելու առումով, կարևոր է համարել նախագծի ընդունումը։

«ՀՀ և Վրաստանի քաղաքացիների համար գործում է առանց վիզայի մուտքի այցելության ռեժիմ, որը գործում է 1993 թվականին ՀՀ և Վրաստանի միջև կնքված համաձայնագրով  և թարմացման կարիք ունի։ 2020 թվականին ՀՀ և Վրաստանի վարչապետերի կողմից ստորագրվել է մտադրությունների հուշագիր քղաաքացիների տեղաշարժի դյուրացման մասին, և կողմերը պատրաստակամություն են հայտնել նոր համաձայնագիր կնքելու վերաբերյալ, և աշխատանքներ տարվել են ու հիմա նախագիծն եմ ներկայացնում»։

«Իսկապես շատ կարևոր է փոխադարձ այցելությունները դյուրացնելու առումով։ Բայց նաև որոշակի հարակից ռիսկեր կլինեն, որոնք կառավարելու հարցում մեր վրացի գործընկերների հետ կաշխատենք»։

Արտգործնախարարը փաստում է, որ մինչ քովիդյան վիճակագրությամբ  2019 թվականին Հայաստանից Վրաստան 1 մլն 365 հազար այցելություն է գրանցվել , ինչն ըստ նրա, վկայում է, որ Վրաստանը գործնական ու հանգստի այցելությունների սիրված  վայր է Հայաստանի քաղաքացիների  համար։

2020 թվականին, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, Հայաստանից Վրաստան այցելությունների թիվը զգալի նվազել է (շուրջ 260 հազար այցելու), սակայն այցելությունների ցուցանիշը կվերականգնվի, վստահ է նախարարը։

Ներկայում անձը հաստատող փաստաթղթով ՀՀ քաղաքացիները Վրաստանի տարածքում կարող են գտնվել մինչև մեկ տարի, Վրաստանի քաղաքացիները ՀՀ տարածքում՝ առավելագույնը 180 օր` մեկ տարվա ընթացքում:

Տնտեսագետ Լիլյա Ամիրխանյանը, «Ռադիոլուրի» հետ զրույցում խոսելով Վրաստան-Հայաստան համագործակցության, փոխայցելությունների հնարավորություների  մասին, առաջին հերթին շեշտում է, որ Վրաստանը Հայաստանի համար հարևան- բարեկամ երկիր է ։ Հայաստանից ավելի մեծ թվով զբոսաշրջիկների այցելությունների հնարավորություն կա, բայց նաև հակառակ ուղղությամբ՝ Վրաստանից Հայաստան զբոսաշրջիկների ներգրավմամբ պետք է աշխատել։



Երկու երկրների միջև, ըստ տնտեսագետի, առաջին տեղում էներգետիկ համագործակցությունն է, ինչպես երկկողմ, այլնպես էլ տարածաշրջանային․

«Էներգետիկ համագործակցությունը գուցե պետք է որպես առաջնայիններից դիտարկել , հաշվի առնելով, որ տարբեր նոր նախագծեր են նախանշվում։ 2022 թվականի տարեվերջին հաղորդվեց  Էլեկտրոէներգիայի  էլեկտրահաղորդման նոր գծի կառուցման մասին , որը վթարային իրավիճակներում փոխօգնության պայմանագրին ի հավելումն պետք է կոմերցիոն, առևտրային հոսքերի կարգավորման հետ կապված  նոր հնարավորություններ ստեղծի»։

Տնտեսագետը առանձնացրեց նաև Հայաստան-Վրաստան-Իրան-Ռուսաստան էլ․էներգիայի քառակողմ շրջանակային համաձայնագիրը, որը կնքվել է 2015 թվականին և մինչ օրս հաջողությամբ գործում է և մեծ նշանակություն ունի տարածաշրջանային համատեքստում։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանն էլ փաստում է, որ Հայաստանը  2022 թվականին ավելի շատ էլեկտրաէներգիա է արտահանել Վրաստան, քան նախորդ 10 տարում։  Մեր երկրից Վրաստան է արտահանել 365 մլն կՎտ/ժ էլ էներգիա, մինչդեռ 2012-2021 թվականներին այդ ցուցանիշը կազմել է 242 մլն։

Դա, ըստ փոխնախարարի  հիմնականում կապված է շուկայի ազատականացման հետ, որը սկսվել է անցած տարի։ Պարզեցումը տարածվել է նաև արտահանման վրա։

Տնտեսագետ Լիլյա Ամիրխանյանը արտաքին առևտրաշրջանառության մասով կարևորում է Վերին Լարսի անցակետի նշանակությունը։

« Վերին Լարսի հարցը մեր համար մեծ կարևորություն ունի, բայց այս հարցում ոչ թե առևտրատնտեսական հարցերն են, այլ լոգիստիկ և այստեղ երկխոսության անհրաժեշտություն կա»։

Տնտեսագետը ուշագրավ է համարում Վրաստանի վարչապետի Հայաստան այցը տարածաշրջանային այս լարված իրավիճակում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն