ԱՄՆ-ն Ադրբեջանին և Ռուսաստանին կոչ է արել վերականգնել ազատ երթևեկությունը Լաչինի միջանցքով
Միացյալ Նահանգները լրջորեն անհանգստացած է, որ Լաչինի միջանցքն արգելափակված է ավելի քան 30 օր՝ Լեռնային Ղարաբաղում առաջացնելով սննդամթերքի, դեղորայքի և այլ պաշարների խիստ պակաս: Նման հայտարարություն է արել ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը Հայաստանի նախաձեռնությամբ հրավիրված ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում՝ արձագանքելով ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ելույթին:
«Այս փաստերն անվիճելի են: Կոչ ենք անում Ադրբեջանին և Ռուսաստանին անհապաղ վերականգնել անխափան տարանցումը` պահպանելով նախկինում ստանձնած պարտավորությունները, որոնք հստակորեն ներառում են երաշխիքներ, ինչպես դուք (խմբ.՝ Արարատ Միրզոյանը) մեջբերեցիք, «Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ տեղաշարժի համար երկու ուղղություններով»: Լաչինի ճանապարհով մասնավոր և կոմերցիոն երթևեկության շարունակվող խափանումը կարող է ծանր մարդասիրական հետևանքներ ունենալ Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց համար»,-ասել է Մայքլ Քարփենթերը։
ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը շնորհակալություն է հայտնել ԿԽՄԿ-ին կարևոր օգնություն ցուցաբերելու համար, նաև կոչ արել Ադրբեջանին՝ ապահովել հարգանքն այս տարածքում ապրող բնակչության իրավունքների, անվտանգության և բարեկեցության նկատմամբ:
«ԵԱՀԿ բոլոր մասնակից պետությունները պարտավոր են պաշտպանել իրենց տարածքում գտնվող անձանց անվտանգությունը՝ անկախ էթնիկ պատկանելությունից», — նշել է Քարփենթերը:
«Ես նաև ակնկալում եմ բովանդակալից քննարկում Հյուսիսային Մակեդոնիայի ղեկավարությամբ Լեհաստանի նախագահի կարիքների գնահատման թիմի առաջարկությունների վերաբերյալ: ԵԱՀԿ-ն և նրա տարբեր ինստիտուտները լավ դիրք ունեն` աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին՝ հիմնվելով անվտանգության հարցում մեր համապարփակ մոտեցման վրա և խարսխված մեր արժեքների, սկզբունքների և պարտավորությունների վրա:
Մենք ունենք լայնածավալ գործիքակազմ, որը կարող է օգտագործվել այս հակամարտությունում և պետք է քննարկենք, թե ինչպես կարող ենք դա անել», — ասել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը:
Նա ասել է, որ ԱՄՆ կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին վերսկսել բովանդակալից բանակցությունները՝ լուծելու իրենց վեճերը։
Ըստ նրա՝ համապարփակ խաղաղության համաձայնագիրը միակ ճշմարիտ ուղին է դեպի երկարատև խաղաղություն՝ հիմնված հարաբերությունների կարգավորման և փոխադարձ ճանաչման վրա։
«Մենք նաև կոչ ենք անում Ադրբեջանին և Հայաստանին հետաքննել ենթադրյալ վայրագությունները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին»,-ասել է Մայքլ Քարփենթերը:
ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը հավելել է, որ ԱՄՆ-ն կշարունակի աշխատել Ադրբեջանի և Հայաստանի հետ ինչպես երկկողմանի, այնպես էլ բազմակողմանի ձևաչափերում՝ այնպիսի գործընկերների միջոցով, ինչպիսին է Եվրամիությունը, և միջազգային կազմակերպությունների միջոցով, ինչպիսին է ԵԱՀԿ-ն՝ հասնելու այս հակամարտության համապարփակ և կայուն կարգավորման: