Բայդենի տանը գաղտնի փաստաթղթերի նոր խմբաքանակ է հայտնաբերվել
ԱՄՆ արդարադատության նախարարության քննիչները Դելավերում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի տանը խուզարկության ժամանակ հայտնաբերել են գաղտնի նյութերի հերթական խմբաքանակը, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով նախագահի փաստաբան Բոբ Բաուերին։
Խուզարկությունը տևել է գրեթե 12 ժամ, ասել է փաստաբանը։ Առգրավված փաստաթղթերը վերաբերում են Բայդենի աշխատանքին որպես սենատոր և փոխնախագահ։ Մասնագետները տարել են նաև ձեռագիր գրառումներ, որոնք արվել են փոխնախագահի պաշտոնում աշխատելու ընթացքում, հայտնում է CNN-ը։
Խուզարկությանը մասնակցել են նախագահի փաստաբաններն ու Սպիտակ տան ներկայացուցիչները, բայց ոչ ինքը՝ նախագահը կամ նրա կինը՝ Ջիլը։ Արդարադատության նախարարությունը փաստաբաններին խնդրել է նախապես չհրապարակել խուզարկության մասին տեղեկությունները։
Հունվարին Սպիտակ տան իրավաբանները Բայդենի Դելավերյան տանը հայտնաբերեցին գաղտնի փաստաթղթերի խմբաքանակ՝ ի լրումն ավելի հին փաստաթղթերի, որոնք հայտնաբերվել էին Վաշինգտոնում Բայդենի թիմի նախկին գրասենյակում: ԱՄՆ գլխավոր դատախազ Մերրիկ Գարլենդը հատուկ դատախազ է նշանակել Ռոբերտ Գուրին, որը պետք է հետաքննի գործը։