Ինչո՞ւ է շտապում Թուրքիայի նախագահը․ակադեմիկոսները դա բացատրում են Էրդողանի վարկանիշի անկումով
Թուրքիայում սոցիալ-տնտեսական ծանր վիճակը բերել է այդ երկրի նախագահի վարկանիշի անկման, իսկ առջևում նախագահական ու խորհրդարանական ընտրություններ են։ Իրավիճակը շտկելու համար Էրդողանը որոշել է մեկ ամիս շուտ նշնականել ընտրությունները։ Ի՞նչ է փոխելու մեկ ամիսը Էրդողանի ու նրա կուսակցության համար։ Միջազգային հեղինակավոր պարբերականները արդար ընտրություն պարագայում Էրդողանի պարտությունն են կանխատեսում։ Իսկ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ Ռուբեն Սաֆրաստյանն ու Աշոտ Մելքոնյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում, անկախ ընտրությունների արդյունքներից, ճգնաժամ են կանխատեսում Թուրքիայի ներքաղաքական կյանքում։
Թուրքիայում նախագահական ու խորհրդարանական ընտրությունները նախատեսվածից մեկ ամիս շուտ անցկացնելը ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ Ռուբեն Սաֆրաստյանն ու Աշոտ Մելքոնյանը պայմանավորում են Էրդողանի վարկանիշի անկումով։ Նրանք կարծում են, որ վիճակն այնքան սրված է, որ անգամ մեկ ամիսը կարող է նշանակություն ունենալ նախագահի ընտրության արդյունքների վրա։
Ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հիմնավոր պատճառներ է մատնանշում։ Նախ՝ շեշտում է, որ հիմնական պայքարը իշխանության և ընդդիմության միջև տնտեսական վիճակի շուրջ է, և իշխանության որոշակի քայլերի արդյունքում ստացված սոցիալական դրական պատկերը հունիսին արդեն կվերանա, և կրկին տեսանելի կլինի երկրի սոցիալ-տնտեսական ծանր վիճակը։
«Կառավարությունը որոշակի միջոցառումներ է ձեռնարկել, որ բնակչության մի որոշ հատվածի դուրս բերի այն ծանր վիճակից, որում հայտնվել են։ Եվ մտավախություն կա իշխանությունների, կառավարության մոտ, որ աջակցության այն ծրագրերը, որ ձեռնարկել են սոցիալական վիճակի բարելավման ուղղությամբ, դրանց գործողությունը կավարտվի հունիսին, և ստացված կարճաժամկետ էֆեկտը արդեն հունիսին կզրոյանա, դրա համար շտապում են»,–ասում է Ռուբեն Սաֆրաստյանը։
Մյուս հիմնավորումն, ըստ ակադեմիկոսի, այն է, որ Էրդողանը մեկ փուլով չի ընտրվի։ Իսկ երկրորդ փուլում, որն արդեն ամառային արձակուրդների հետ կհամընկներ, կկորցներ իր ընտրազանգվածը, քանի որ ուսանողներից շատերը կտեղափոխվեն քաղաքից գյուղեր, և նրանց մի զգալի մասը չի մասնակցի երկրորդ փուլին։
Թուրքիայի նախագահական ու խորհրդարանական ընտրությունները շուտ անցկացնելու հնարավորության մասին միջազգային լրատվամիջոցները գրում էին արդեն այս տարվա սկզբից։ Բրիտանական The Economist-ը, որոշակի տրամադրություններ շոշափելով ու վերլուծություններ անելով, գրում է, որ եթե Թուրքիայում արդար ընտրություններ լինեն, Էրդողանը կպարտվի: Ավելին, բրիտանական պարբերականը ընդդիմության միավորվելու դեպքում Էրդողանի նախագահության համար մի քանի ամսվա գոյություն է կանխատեսում ։
Ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը համամիտ է The Economist-ի եզրահանգման հետ։
«Իհարկե, վիճակը ավելի վատ է իշխանությունների համար։ Առաջին անգամ կարելի է արձանագրել, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության վարկանիշը անշեղորեն անկում է ապրում, և եթե այս պահին ընտրություններ լինեն, ապա, ըստ ընդհանրացված հարցումների, մեծ հավանականություն կա, որ իշխող կոալիցիան՝ «Արդարություն և զարգացում» և «Պանթուրքիստական ազգայնական շարժում» կուսակցությունները կարող են պարտվել խորհրդարանական ընտրություններում ընդդիմությանը»,– վերլուծում է ակադեմիկոսը։
ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը նույնպես Թուրքիայի նախագահական ու խորհրդարանական ընտրությունների ժամկետը փոխելը բացատրում է Էրդողանի վարկանիշի աննախադեպ անկումով։ Վերջին մի քանի ամսում Թուրքիայում աննախադեպ սղաճ է, թուրքական լիրան արժեզրկվել է, ինչը ծանրացրել է շարքային քաղաքացիների սոցիալական վիճակը։
«Նույն խնդիրը կար նաև Ադրբեջանում։ Երբ Ալիևը պետք է վերընտրվեր, ընտրությունները բերեց առաջ, քանի որ հասկանում էր, որ ռեյտինգի անկման խնդիր ունի։ Նույնը Էրդողանի դեպքում է՝ արհեստականորեն ռեյտինգը բարձրացնելու խնդիր է լուծում։ Այս անգամ չեմ բացառում, որ Էրդողանի վարչակազմը գնա կեղծիքների»,–կարծում է Ռուբեն Մելքոնյանը։
Ակադեմիկոսի կարծիքով, եթե Թուրքիայի վեց ընդդիմադիր կուսակցությունները միավորվեին, Էրդողանը շանս չէր ունենա հաղթելու։ Սակայն ընդդիմության միասնական թեկնածու համարվող Ստամբուլի քաղաքապետը շինծու քրեական գործով դատապարտվեց 2 տարի 7 ամսվա ազատազրկման։ Նա այժմ բողոքարկում է իր դեմ կայացրած որոշոմը, բայց հնարավոր է՝ դատական գործընթացների պատճառով չկարողանա համախմբել ընդդիմությանը։
Նա, ի դեպ, դատապարտվել է ընտրական հանձնաժողովի անդամներին «ապուշ» անվանելու համար։
Ըստ Ռուբեն Սաֆրաստյանի՝ ընտրությունների արդյունքների վրա մեծ նշանակություն կարող է ունենալ երրորդ ուժի գոյությունը խորհրդարանում, դա «Քրդական ժողովրդների դեմոկրատական կուսակցությունն» է։ Այն իր շուրջը համախմբել է ձախակողմյան կուսակցություններին, որոնք բնակչության իրավունքների պաշտպանությամբ են զբաղվում, և այս կոալիցիայի խոսքը կարող է վճռորոշ լինել, նշում է ակադեմիկոսը,– «Այս ուժը խորհրդարանում, եթե կոչ անի, որ դեմ քվերկեն Էրդողանին, ապա գուցե Էրդողանը չհաղթի երկրորդ փուլում»։
Ռուբեն Սաֆրաստյանի եզրահանգմամբ՝ 2023 թվականը չի հաջողվի դարձնել Էրդողանի հաղթանակի տարի։