Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունները շարունակվում են արդեն 335 օր: Վերջին մեկ օրվա ընթացքում Դոնեցկի ուղղությամբ ռուսական գրոհային ստորաբաժանումների կամավորները, օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիայի, հրթիռային զորքերի և հրետանու օգնությամբ, իրենց վերահսկողության տակ են վերցրել ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության Կրասնոպոլյե բնակավայրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Միևնույն ժամանակ ԴԺՀ-ից հայտնում են, որ ուկրաինական ուժերի գնդակոծության հետևանքով 9 խաղաղ բնակիչ է վիրավորվել: Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ Ուկրաինայի զինված ուժերը համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից գնդակոծել են Իլովայսկ բնակավայրը, որի հետևանքով 2 մարդ է վիրավորվել:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն իր հերթին հաղորդել է, որ ռուսական ուժերը գնդակոծել են Խարկովի, Դոնեցկի և Զապորոժիեի մարզերը, շարունակվում են հարձակումները Բախմուտի, Ավդեևկայի և այլ ուղղություններով:

Ըստ Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի հերթական տեղեկագրի՝ ռուսական ուժերի կողմից Զապորոժիեի մարզում գրոհ կատարելու փորձը տապալվել է, տարածքային ձեռքբերումներ տեղի չեն ունեցել: Մինչդեռ Զապորոժիեի մարզի՝ ռուսական վերահսկողության տակ գտնվող հատվածի ղեկավար Վլադիմիր Ռոգովը հայտնել է մի քանի գյուղի գրավման մասին:

Ակտիվորեն քննարկվում է նաև Կիևին տանկեր մատակարարելու հարցը: Ըստ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի՝ գերմանական Leopard տանկերի մատակարարումների շուրջ բանակցություններն ավարտի փուլում են գտնվում: BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Լեհաստանը պաշտոնապես կդիմի Գերմանիային, որպեսզի Leopard-2 տանկերի մատակարարման հավանություն ստանա Բեռլինից: Ավելի վաղ Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը հայտնել էր, որ Գերմանիան տանկերի մատակարարմանը չի խոչընդոտի:

Ի դեպ, Եվրամիության արտգործնախարարները երեկ տեղի ունեցած հանդիպման ընթացքում հաստատել են Ուկրաինային ռազմական օգնության հերթական տրանշը՝ 500 միլիոն եվրոյի չափով:

Իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկոյան տեսաուղերձի ժամանակ հայտարարել է ռուսաստանցի 22 հոգևորականների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին, որոնք, Զելենսկիի խոսքով, «հոգևորականության քողի տակ աջակցում են ահաբեկչությանը և ցեղասպան քաղաքականությանը»:

Զելենսկին նաև հայտնել է, որ Ազգային անվտանգության խորհուրդը որոշում է ընդունել, որ իշխանության ներկայացուցիչները, սկսած տեղական ինքնակառավարման մարմինների պատգամավորներից մինչև ուժայիններ, չեն կարող իրենց հանգիստն անցկացնել արտերկրում: Բացի այդ, ըստ Ուկրաինայի նախագահի, տարբեր օղակներում կադրային փոփոխություններ են կատարվել: Զելենսկին անուններ չի հայտնել, սակայն Украинская правда-ն, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ պաշտոնաթող կլինի Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն, ինչպես նաև մի շարք մարզերի ղեկավարներ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն