Ռուսաստանը շարունակում է բարդ և տքնաջան աշխատանքը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ երկխոսություններում․ Պոսկով
Ռուսաստանը, մասնակցելով Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ պայմանավորվածություններին, շարունակում է տքնաջան և բարդ աշխատանքը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ երկխոսություններում, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասել է ՌԴ նախագահաի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ռուսաստանը, որպես երկու տարի առաջ ստորագրված եռակողմ համաձայնագրերի և փաստաթղթերի կողմերից մեկը, շարունակում է կատարել իր պարտավորությունները և շարունակում է չափազանց տքնաջան և բարդ աշխատանքը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով հարցին, թե Կրեմլը համամիտ է արդյոք Լաչինի միջանցքն «անհապաղ» ապաշրջափակելու վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի՝ Ադրբեջանի նախագահին ուղղված կոչի հետ։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Պետքարտուղարն Ալիևին հորդորել է «անհապաղ» ապաշրջափակել Լաչինի միջանցքը՝ առևտրային ապրանքների շարժը վերականգնելու և հումանիտար ճգնաժամի ռիսկը նվազեցնելու համար։
«Բլինկենն ընդգծել է, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի ծնած հումանիտար ճգնաժամը խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հեռանկարները։ Նա հորդորել է նախագահ Ալիևին կրկնապատկել ջանքերը Հայաստանի հետ երկկողմ խաղաղ բանակցություններում»,-ասված է հայտարարության տեքստում։



















