Մակրոնն անդրադարձավ Հայաստան իմ մուտքի արգելքին, իր համար դա անթույլատրելի էր. Մուրադ Փափազյանը մանրամասներ է ներկայացրել հանդիպման մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունվարի 23-ին Ելիսեյան պալատում ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանին և Մուրադ Փափազյանին: Հանդիպման մանրամասների ու քննարկված հիմնական հարցերի վերաբերյալ Tert.am-ը զրուցել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի հետ։
«Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպումը տևել է մոտ մոտ ժամ, որի ընթացքում կարողացանք Էմանուել Մակրոնին ներկայացնել Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակը։ Մասնավորապես խոսել ենք Արցախի շրջափակման մասին, որի հետևանքով 120․000 մարդ կտրված է աշխարհից, ներկայացրել ենք, որ շրջափակումը լուրջ վտանգների առաջ է կանգնեցրել Արցախի ժողովրդին ու ստեղծել հումանիտար ճգնաժամ, այն էլ 21-րդ դարում՝ առանց միջազգային ճնշումների։ Այս հարցի հետ կապված ներկայացրել ենք մեր առաջարկները, որոնք Մակրոնը ընդունել է, իրենց կողմից ևս եղել են առաջարկներ։ Այժմ սպասում ենք եզրակացությանը, առաջիկա օրերին կրկին պետք է աշխատանք տանեն իրենց հետ՝ հիմնական եզրակացությունների համար»,- ասաց նա։
Մուրադ Փափազյանը նշեց, որ անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի տարածքային ամբողջականությանը վերաբերող սպառնալիքներին և նոր պատերազմի վտանգին։
«Վտանգ կա, որ առաջիկա շաբաթներին կամ ամիսներին նոր պատերազմ կարող է սկսվել և մենք առաջարկեցինք միջազգային գործընթաց սկսել՝ այն կանխելու համար։ Գաղտնիք չէ, որ Իլհամ Ալիևը հարցին մոտենում է պատերազմական ոճով, մանավանդ, երբ խոսում է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին։ Այս հարցի շուրջ արել ենք մեր մտահոգությունները, առաջարկել, որ Ֆրանսիան միջազգայնորեն առաջարկներ անի, որը կստիպի Ալիևին հարգել զինադադարը»,- ասաց Մուրադ Փափազյանը։
Վերջինս ընդգծեց, որ Էմանուել Մակրոնը կիսել է իրենց մտագոհությունները պատերազմի վերսկսկման, Արցախի շրջափակման վերաբերյալ։
«Գաղտնիք չէ, որ եվրոպական մի շարք երկրներ օգտվում են ադրբեջանական գազից, ուստի հարաբերությունները, որ ունի Ալիևը Եվրոպայի հետ, բավականին դրական են։ Եվ չնայած, որ ԵԽ-ին որոշեց վերահաստատել 70 դիտորդների մանդատը, Ադրբեջանի դիրքերը շարունակում են ուժեղ մնալ։ Մեր խնդիրն է՝ պարբերաբար բարձրաձայնել Ադրբեջանի կողմից սպառնացող վտանգների մասին»,- ընդգծեց Փափազյանը։
Հարցին՝ ինչպե՞ս է Էմանուել Մակրոնը վերաբերվում այն հանգամանքին, որ իր մուտքը ՀՀ արգելել են, Մուրադ Փափազյանը պատասխանեց․
«Անշուշտ, Էմանուել Մակրոնը տեղյակ է այդ փաստից, այդ մասին նա խոսել է Նիկոլ Փաշինյանի հետ, Ֆրանսիայի արտգործնախարարը՝ ՀՀ արտգործնախարարի հետ։ Մակրոնը չի հասկանում՝ ինչու է այդպիսի որոշում կայացվել, իր համար դա անթույլատրելի որոշում էր, մանավանդ, որ ինքը վկա է, որ ես մշտապես պաշտպանել եմ Հայաստանի ու Արցախի շահերը։ Հանդիպման ժամանակ Մակրոնը ինքը անդրադարձավ այդ թեմային, ես որոշել էի չանդրադառնալ դրան, և մտահոգություն հայտնեց այդ մասով։ Ես նրան տեղեկացրի այս հարցով վերջին զարգացումների մասին։ Գիտեք, որ դատական գործընթաց է սկսվել և մայիսի 17-ին դատական նիստ պետք է տեղի ունենա արգելքի որոշման դեմ»։
Մուրադ Փափազյանը ընդգեց, որ Սփյուռքը այսօր լուրջ աշխատանք է տանում և շարունակելու է տանել՝ ի նպաստ Հայաստանի ու Արցախի:
«Սփյուռքում ստեղծված իրավիճակով բավականին մտահոգ ենք, պետք է ավելի ակտիվանանք, մեծացնենք մեր աշխատանքի ծավալը, որպեսզի առաջին հերթին լուծվի շրջափակման հարցը և կանխվի նոր հավանական պատերազմը»,- հավելեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը։