Արցախում Ադրբեջանը վարում է էթնիկ զտման բացահայտ քաղաքականություն
Լեռնային Ղարաբաղի նախադպրոցական հաստատությունների շուրջ 6000 սան, հանրակրթական դպրոցների շուրջ 19 հազար աշակերտ, բուհերի շուրջ 6800 ուսանող արդեն մեկ ամիս զրկված են 21-րդ դարի ամենակենսական իրավունքներից մեկից՝ կրթության իրավունքից, քանի որ արդեն մեկ ամիս ԼՂ-ի մանկապարտեզները, դպրոցները, բուհերը փակ են և չեն աշխատում, կառավարության նիստում այսօր ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մանկապարտեզները չեն կարողանում աշխատել ջեռուցման և երեխաների համար սահմանված սննդի բացակայության պատճառով, որը կապված է Լաչինի միջանցքի փակման հետ, նշել է նա։
«Չբավարարվելով Լաչինի միջանցքը փակելով՝ Ադրբեջանը փակում է նաև ԼՂ-ն սնուցող գազի խողովակը, հետո բացում 10%-ով, հետո նորից փակում, հետո բացում 25 %-ով և այսպես շարունակ: Ադրբեջանը շարունակաբար կիրառում է նաև գազային ճնշման գործիքը, ինչն ակնհայտորեն դատապարտելի է»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
Ադրբեջանի նպատակը մեկն է՝ կոտրել սեփական հայրենիքում ապրելու Լեռնային Ղարաբաղի հայության կամքը:
«Ընդ որում, մեր ունեցած տեղեկություններով՝ Բաքվի պլանն հետևյալն է. Լեռնային Ղարաբաղում տնտեսական, հոգեբանական ճնշումը հասցնել ինչ-որ մի կուլմինացիոն կետի, դրանից հետո մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ ԼՂ հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները, կրկին փակել միջանցքը և հետո կրկին մի քանի օրով բացել, և այսպես այնքան, մինչև վերջին հայը կլքի Լեռնային Ղարաբաղը սա, իհարկե, էթնիկ զտման բացահայտ քաղաքականություն է»,-ասել է Նիկոլ Փաշինյանը, նկատելով, որ միջազգային հանրության շրջանում ուժեղանում է ընկալումը, որ Արցախում էթնիկ զտում է իրականացվում: