Իրանի դատախազ Մոհամմադ Շահրիարին, մեկնաբանելով այսօր առավոտյան Թեհրանում Իրանի դեսպանատան վրա հարձակումը, որի հետևանքով մեկ մարդ է զոհվել, ասել է, որ զինված հարձակումն իրականացնողի կինը անհետացել է ապրիլին՝ դեսպանատուն այցելությունից հետո։



Այս մասին գրում է Daily Mail-ը, իրանական «Միզան» լրատվական գործակալությունը, վկայակոչելով Շահրիարիին, ասել է, որ զինված անձը կարծում էր, որ հարձակման պահին իր կինը դեռ դեսպանատանն է եղել:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը որակել է «ահաբեկչություն» և դատապարտել այն: Նա պահանջել է սեղմ ժամկետներում հետաքննել ու պատժել մեղավորներին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Տեղի լրատվամիջոցները հաղորդում են նաև, որ Բաքուն հերքել է Թեհրանի վարկածը՝ դեսպանատան վրա հարձկման շարժառիթների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թեհրանի ոստիկանության ղեկավարը հայտնել էր, որ հարձակվողը դեսպանատուն է մտել իր երկու անչափահաս երեխայի հետ:

«Նախնական քննությունը ցույց է տալիս, որ հարձակվողի շարժառիթը եղել են անձնական և ընտանեկան խնդիրները», - ասել էր նա:

Մինչդեռ Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն ասել է.«Մենք չենք հավատում, որ Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը կատարվել է անձնական կամ ընտանեկան շարժառիթով։ Մենք դատապարտում ենք այս հարձակումը և Իրանի կառավարությունից պահանջում ենք անհրաժեշտ քայլեր ձեռնարկել սադրիչներին բացահայտելու համար։ Իրանական կողմը պետք է միջոցներ ձեռնարկեր մեր դեսպանատան վրա հարձակման դեմ։

Թեհրանը պետք է միջոցներ ձեռնարկի Իրանում հակաադրբեջանական արշավի դեմ։ Վերջին ամիսներին իրանական լրատվամիջոցներում հակաադրբեջանական լայնածավալ քարոզչություն է իրականացվել, ինչը խթան է հանդիսացել հարձակման համար։ Ադրբեջանը միշտ եղել է Իրանի հետ բարիդրացիության կողմնակից, սակայն նման սադրանքները բացասական ազդեցություն են ունենում։ Հարձակման ողջ պատասխանատվությունը կրում է իրանական կողմը։»:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան զինված հարձակում է տեղի ունեցել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա:

Նշվում է, որ սպանվել է Ադրբեջանի իրավապահ մարմինների դեսպանատան պաշտպանության համար պատասխանատու աշխատակիցը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն