ՀՀ-ն չի հրաժարվել Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ առաքելության տեղակայումից․ ՌԴ-ում ՀՀ դեսպան
Հայաստանը չի հրաժարվել Ադրբեջանի հետ սահմանին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաքելության տեղակայումից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը։
« Գիտեք, որ միջպետական հարաբերություններում կարող են լինել ինչ-որ հարցեր, որոնք քննարկվում են և որոնց լուծումներ են գտնում։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ դիտորդներին, ապա ՀԱՊԿ դիտորդներից ոչ ոք չի հրաժարվել։ Փաստաթուղթը, որը պետք է ստորագրվեր Երևանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և միացյալ շտաբի պետի՝ տարածաշրջան կատարած այցի արդյունքում, չստորագրվեց այն պատճառով, որ հայկական կողմը ցանկանում էր լրամշակել փաստաթուղթը։ Ահա այդ փաստաթուղթը լրամշակման փուլում է»,- նշել է նա։
Հարությունյանը նաև հերքել է որոշ հայ քաղաքագետների և ընդդիմադիր գործիչների հայտարարություններն այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նախապատրաստում է ՀԱՊԿ-ից երկրի դուրս գալը։
«Նման մոտեցումները կամ կարծիքները չեն համապատասխանում իրականությանը այն առումով, որ պետությունների միջև հարաբերությունները որոշվում են այն պայմանագրերով, որոնք ստորագրվել են, և այդ պայմանագրերը, որոնք ստորագրվել են դեռևս 90-ական թվականներին, այժմ շարունակում են գործել։ Դուք շատ լավ գիտեք, որ մեր երկրների առաջնորդների միջև տասնյակ հանդիպումներ և հեռախոսազրույցներ են եղել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին խոսք անգամ լինել չի կարող, դրա համար դա չի համապատասխանում իրականությանը։ Ընդհակառակը, ունենք մեր փոխհարաբերությունների խորացում և այսպիսի անկայուն ժամանակահատվածում մեր հարաբերությունները խորանում են և խորանալու են։ Եվս մեկ անգամ ուզում եմ կրկնել, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ՀԱՊԿ անդամ է, ԱՊՀ անդամ է և տարածաշրջանային բոլոր այլ կազմակերպությունների անդամ, որտեղ ներկա է նաև Ռուսաստանը», - հավելել է նա։