Բլինկենը Նեթանյահուին ասել է, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորումը 2 պետության ստեղծումն է
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, Իսրայել կատարած այցի շրջանակում ելույթ ունենալով այդ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, անդրադարձել է երկրու երկրի համար կարևորություն ներկայացնող հարցին՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորմանը, գրում է The Times of Israel-ը:
«Մենք շարունակում ենք հավատալ, որ իսրայելցիների և պաղեստինցիների միջև առաջընթացին հասնելու լավագույն միջոցը երկու պետությունների տեսլականը պահպանելն է, այնուհետև իրականացնելը», - ասել է Բլինկենը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն «հիմա բոլոր կողմերին կոչ է անում շտապ քայլեր ձեռնարկել հանգստությունը վերականգնելու, լարվածությունը թուլացնելու համար»:
Մինչդեռ Նեթանյահուն, որը որպես կանոն խուսափում է օտարերկրյա պաշտոնյաների հետ հրապարակային հանդիպումներում խոսել Պաղեստինի մասին, նշել է, որ խաղաղության շրջանակի ընդլայնումը «կօգնի գործուն լուծման հասնել պաղեստինցի հարևանների հետ»:
Միևնույն ժամանակ Իսրայելի ղեկավարը չի նշել երկու պետության ստեղծման ձևաչափով լուծման տարբերակը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կողմ է իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը երկու պետությունների ստեղծմամբ կարգավորելու քաղաքականությանը: