Մեր անելիքներից մեկը Արցախի թեման համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում պահելն է․ Ռուբեն Վարդանյան
ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքի էջում հայտնել է, որ Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Վան Գրիգորյանի, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Քրիս Վան Հոլենի և Կոլումբիայի համալսարանի Խաղաղության հաստատման և մարդու իրավունքների ծրագրի տնօրեն Դեյվիդ Ֆիլիփսի հետ միասին մասնակցել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի Խաղաղության հաստատման և մարդու իրավունքների ինստիտուտի կողմից կազմակերպված «Հայոց երկրորդ ցեղասպանության կանխարգելում. Ադրբեջանը փակում է Լաչինի միջանցքը և Արցախը զրկում կենսական պայմաններից՝ ձգտելով հայաթափել այն» խորագրով առցանց վեբինարին։
«Հիմա մեր անելիքներից մեկը նաև Արցախի թեման համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում պահելն է: Ուստի, շնորհակալ եմ թե՛ կազմակերպիչներին, թե՛ մասնակիցներին` Արցախին այդ կերպ աջակցելու համար»,- գրել է Ռուբեն Վարդանյանը: