Կարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Խորագետ համարվելու հավակնություններ չունենալով հանդերձ, անհնար է չնկատել, որ արդի «խորագետներ»-ից շատերը

թացը չորի հետ խառնելուց ստացված վերլուծական խոտանով, նպատակադրված, թե՝ ոչ, բայց գաղափարապես վնասում են

«…ինքնուրույն գործողությունների դիմելու պատրաստ գործիչներին…» և ուժերին։

Բնական է, որոշները՝ մանիպուլացնելով ու գիտակցված, մյուսները՝ հավանաբար հուզված ու հուսահատված։

Իրականում՝ բոլորով միասին դաշտն ամայացնում են, և արժեզրկում են բոլորին և ամեն ինչ։

Նման մոտեցման հիմնարար սկզբունքները.

- միայն մենք գիտենք, թե ինչ է եղել, երբ և ինչպես, և ովքեր են մեղավորները,

- միայն մենք գիտենք, թե որն է ազգայինն ու ապազգայինը, պետականն ու պետականակործանը, ազնիվն ու անազնիվը, խելացին ու անխելքը, ինքնուրույնն ու ծառան, ճիշտն ու սխալը,

- բոլորը մեղավոր են, իսկ մենք՝ ոչ, որովհետև մենք ժամանակին ասել ու գրել ենք, իսկ մեզ չեն լսել…

և այսպես շարունակ։

Իրականում պահանջվում է կատարել միայն մեկ պարզ վարժություն՝ 30-ը բաժանել երեքի, կամ 30-ը բազմապատկել 2/3-ով, փնտրել ու գտնել իրողությունները, և իրատես ու օբյեկտիվ մոտեցմամբ՝ եզրահանգումներ անել, որը ոչ մի կերպ չեն կարողանում, կամ չեն ցանկանում անել: Այս պարզագույն վարժությունը չկատարելու պատճառն էլ հավանաբար սուբյեկտիվ է՝ տեղեկությունների պակաս, կամ մեթոդական անտեսում։

Նաև՝ ներքուստ չեն համարում, որ 30 տարուց առաջ նույնպես Հայաստան, Արցախ, Սփյուռք ու հայեր են եղել` իրենց բոլոր առավելություններով ու թերություններով, խնդիրներով և ավանդույթներով։

Ավելի հակիրճ.

նման մոտեցմամբ ազգային շահերին ծառայող, «աշխարհաքաղաքական ու ռազմաքաղաքական խորագիտակ» մտածողությամբ գործիչների «նշանակումն» ու փնտրտուքը վերածվում է անհասանելի երազանքի։

Առաջնային հետևանքը՝ դաշտն ամայանում է, իսկ դրա հետևանքներին նույնիսկ չարժե անդրադառնալ։

Եզրահանգումը մեկն է.

Պատմական փաստագրության իմացությունը՝ քաղաքական բազմագործոն և օբյեկտիվ վերլուծության համար անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է։

ՀԳ

Ասում են՝ «…հիմնվեք պատմագրության վրա, կամ «…վստահեք պատմագետներին» ։ Ինչպե՞ս կարող ենք լիարժեք վստահել՝ դարեր, առավել ևս՝ հազարամյակներ առաջվա եղելությունների մասին մերօրյա որոշ պատմագետների հրապարակած նկարագրություններին, եթե միայն վերջին 40-50 տարվա բոլորիս աչքով տեսածն ու ապրածն են գլխիվայր շուռ տվել, խեղաթյուրել ու ձևախեղել։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն