Արցախի ԱԺ բոլոր խմբակցությունները երեկ հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ՝ Գուրգեն Արսենյանի հայտարարությունները համարելով վտանգավոր և կոչ էին արել հարցը քննարկել էթիկայի հանձնաժողովում: Խոսքն այն հայտարարության մասին է, որտեղ Արսենյանն ասում էր, որ անընդհատ Ղարաբաղի 120 հազար հայի մասին են խոսում, Հայաստանում էլ  3 մլն հայ կա։

«Ուզում եմ հասկանալ, թե Արցախի ԱԺ խմբակցությունները իմ որ հայտարարությանն են արձագանքել, իրենք չեն նշել, երբ կճշտեն, այդ ժամանակ էլ ես կարձագանքեմ»,–Ազգային ժողովում ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Արսենյանը, նշելով՝ ես Հայաստանի ԱԺ պատգամավոր եմ, ընտրվել եմ մի քաղաքական թիմի կազմում, որի առաջնային խնդիրը Հայաստանի պետական շահերի սպասարկումն է:

Հարցին, թե պատրա՞ստ է կրկնել իր հայտարարությունը, ըստ որի պետք չէ երեք միլիոն հայերի վտանգի ենթարկել Արցախի 120 հազար բնակիչների համար, Արսենյանը պատասխանեց. «Հայաստանը 3 մլն բնակիչ ունի, շարունակում եմ պնդել, որ ինձ համար առաջնայինը Հայաստանի պետական շահերի սպասարկումն է: Արցախի 120 հազար ժողովուրդը, որ շրջափակման մեջ է, մտնում է Հայաստանի պետական շահերի սպասարկման կոմպլեքսի մեջ: Մենք ունենք հնարավորություն ճշտելու, թե որ արտահայտությունը ինչին է ուղղված: Այն լրատվական, քարոզչական աղմուկը, որ կա Հայաստանում եւ Արցախում, եւ որն ուղղված է ՀՀ իշխանությունների դեմ, ինչ-որ պահի կքչանա թեժությունը: ՀՀ իշխանությունների վրա տեղի է ունենում ինչ-որ տարօրինակ տեղեկատվական հարձակում»:Բացի այդ, Արսնեյանը հավելեց, որ Հայաստանը ՀՀ քաղաքացիների պետությունն է, որոնք ապրում են Հայաստանում, հարկեր են վճարում Հայաստանում, ծառայում են ՀՀ բանակում. «Ո՞վ ասաց, որ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը չի մտնում Հայաստանի պետական շահերի սպասարկման մեջ: Ընկալումների խնդիր է»։

Ինչ վերաբերում է Արցախի խմբակցությունների ձևակերպմանը, թե այդ հայտարարություններով Արսենյանը ջուր է լցնում թուրք-ադրբեջանական տանդեմի ջրաղացին, ՔՊ–ականն ասաց․«Ես խնդրում եմ, որ թուրք-ադրբեջանական տանդեմի մասնագետները ինձ բացատրեն, թե դա ի՞նչ ջրաղաց է, էդ ինչ ջուր է լցվում, ինչքան է այդ ջրաղացի հզորությունը, ոնց է այդ ջրաղացն աշխատում: Իրենք մասնագետն են դրա, ես  դրա մասնագետը չեմ, ես Հայաստանի պետական շահերի պաշտպանության մասնագետ եմ»: 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն